ԵՎՐՈՊԱՆ ՆՈՐ ՍԱՆՁԵՐ Է ՈՐՈՆՈՒՄ

Բռնատիրությո՞ւն ես սիրում՝ վերադարձիր քո Թուրքիա

Թուրքերով ողողված Եվրոպան կարծես նոր-նոր ուզում է ուշքի գալ ու ինչ-որ հակաքայլեր անել: Միայն թե երկար ժամանակ իր դեմքը ծածկող կեղծ բարպաշտության դիմակը թույլ կտա՞ թափանցել երևույթների խորքը և չարը բարուց տարբերել: Բայց մի հարց էլ է ծագում՝ եթե իրոք Եվրապան այնքան վճռականություն ունենա և նման քայլ անի, դրա հետևանքները որքանո՞վ ծանր կլինեն մեր տարածաշրջանի ու հենց հայերիս համար: Չէ՞ որ եթե նրանք տեղափոխվեն Թուրքիա, ձերբազատվելու են եվրոպական միջավայրի կաշկանդող գործոնից և իրենց դրսևորելու են որպես ազգայնամոլ ու իսլամիստ:    
 
Ինչպես արդեն գրել ենք՝ եվրոպաբնակ թուրքերի մեծ մասը քվեարկել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների օգտին: Աշխարհի լրատվականների էջերում չթուլացող թափով շարունակվում են պնդում-քննարկումները՝ որ Թուրքիան բռնատիրության վերածվելու ճանապարհն է բռնել, իսկ նրա ղեկավար Էրդողանը անսահմանափակ իշխանություն ձեռք բերել: Հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Եվրոպական շատ երկրներ իրենց տարածքներում արգելում էին թուրք պաշտոնյաների քարոզարշավը՝ ուղղված այնտեղ բնակվող այն թուրքերին, ովքեր Թուրքիայում ընտրելու իրավունք ունեն:
 
Ժողովրդավարությունը իր համար դրոշակ դարձրած Եվրոպան, հասկանալի է՝ դեմ էր Թուրքիայում դրա նահանջի հեռանկարին: Իսկ հիմա պարզվում է, որ այդ ժողովրդավարության գրկում իրենց համար հանգիստ ապրող թուրքերը կողմ են քվեարկել բուն Թուրքիայում ազգայնականություն ու բռնատիրություն հաստատմանը: Ընդ որում՝ թվերը շատ խոսուն են: Այսպես, Բելգիայում սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել տեղի թուրքերի 77 տոկոսը, Ավստրիայում՝ 73, Նիդերլանդներում՝ 70, Ֆրանսիայում՝ 65, Գերմանիայում՝ 63, Դանիայում՝ 60 տոկոսը։
 
Բարեբախտաբար՝ «ոչ»-ի հաղթանակներ էլ են եղել. Իսպանիայում՝ 86 տոկոս, իսկ Բրիտանիայում 79։
 
Այս երևույթի առաջին արձագանքներն արդեն հնչում են: Բելգիայի խորհրդարանում, օրինակ, առաջարկել են երկքաղաքացիությունից զրկել բոլոր այն թուրքերին, ովքեր Թուրքիայում ընտրելու օրավունք ունեն: Եվրոպացիներն այսպես են մտածում՝ եթե ձեզ  բռնատիրական պետությունն է դուր գալիս՝ գնացեք ու հենց այնտեղ էլ բնակվեք: