Համընդհանուր տաքացումը գարեջրի սիրահարներին կզրկի նախընտրած ըմպելիքից

Գիտնականներին հանգիստ չի տալիս մոլորակի եղանակային պայմանների փոփոխության և համընդհանուր տաքացման հեռանկարը: Ակնհայտ է, որ նման հեռանկարում կտուժեն նաև մինչև այժմ մարդկությանը ծառայած տարբեր բուսատեսակները: Դրանով մտահոգ՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի գիտնականների մի խմբի հետազոտությունների արդյունքն է հրապարակել «Nature plants» հանդեսը (թարգմանաբար՝ բնության բույսերը):
Ըստ երևույթին, այս խմբում բոլորն էլ գարեջրի սիրահար են եղել, որովհետև նրանց հետազոտության առանցքում այս հնագույն ընպելիքին է: Պարզվում է՝ համընդհանուր տաքացումը կարող է գարեջրի սիրահարներին իրենց սիրելի ըմպելիքից զրկել, քանի որ մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացումը և երկարատև երաշտները կհանգեցնեն գարու բերքի նվազմանը:
 
Հանդեսում հրապարակված հոդվածից երևում է, որ գիտնականները վերլուծել են, թե առաջիկա 80 տարիներին եղանակային պայմանների փոփոխությունն ինչպես կներգործի գարու բերքի վրա: Եզրակացությունը այդ փրփադեզ ընպելիքի սիրահարների համար բնավ մխիթարական չի եղել: Հետազոտողները ենթադրում են, որ արդեն XXI դարավերջին գարու բերքը կարող է նվազել 3-17%-ով:
 
Ի դեպ, հետազոտության մեջ նշվում է, որ գարին հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր, և դրա միայն 17%-ն է հումք դառնում գարեջրագործների համար: 
Բնականաբար, որքան կրճատվի գարու բերքատվությունը, գարեջուրն այնքան կթանկանա: Օրինակ, հաշվարկվել է, որ Իռլանդիայում դրա գինը կարող է ավելանալ 193%-ով: Եղանակային պայմանների փոփոխության միջկառավարական խմբի փորձագետների կարծիքով՝ համընդհանուր տաքացումը կարող է հանգեցնել նրան, որ մոլորակի միջին ջերմությունը կբարձրանա Ցելսիուսի 1,5 աստիճանով, իսկ եղանակային պայմանների նշանակալի փոփոխություններ կարող են տեղի ունենալ արդեն 2040թ. սահմաններում: 
Ոչինչ, որ ապագայում գարեջուր չլինի, դրա փոխարեն դրա «հեղինակ» հայերը գուցե մեկ ուրիշ բույսից առավել օգտակար ըմպելիք կստանան: Եթե հանընդհանուր տաքացման վնասը միայն սա լիներ…
 
Սա միայն ապացուցում է, որ մարդու գործունեությամբ պայմանավորված՝ եղանակային պայմանների փոփոխությունը մոլորակի վրա այնքան անբարենպաստ միջավայր կստեղծի, որ աշխարհի ամբողջ թույլ ու ուժեղ ալկոհոլը ոչ մի չափով չի մեղմի մարդու տառապանքը: Սա գուցե նաև նախազգուշացում է աշխարհի բախտը տնօրինողներին, թե ժամանակն է ուշքի գալ և իրարից պատառներ փախցնելու փոխարեն մտածել արդեն իսկ ստեղծված իրավիճակը մեղմելու ուղղությամբ՝ օրինազանցներին պատժելով ամբողջ խստությամբ: