Պատերազմի հեռանկար է տեսնում 46%-ը

ԱՄՆ-ՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՄ Է ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՐՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Military Times-ի հարցումները ցույց են տալիս՝ Միացյալ Նահանգների զինվորականներն այս տարի շատ հավանական են համարում, որ իրենց պետությունը ներքաշվի մեծ պատերազմի մեջ: Եթե անցած տարի նման կարծիք է ունեցել հարցման մասնակիցների 5%-ը, ապա այժմ նրանց թիվը հասել է 46%-ի:
 
Ընդ որում՝ նրանք մեծ պատերազմի հավանականություն են տեսնում արդեն հաջորդ տարի: Իսկ հոկտեմբերի 25-ին անվտանգության հարցերով Վարշավայի համաժողովին մասնակցող Բեն Հոջեսը ուղղակի հայտարարել է իր այդ կարծիքի մասին, թեև նա խոսել է ավելի մեծ ժամկետի մասին:   
 
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենենտը, որ ժամանակին եղել է Եվրոպայում գտնվող ցամաքային զորքերի հրամանատարը, ասել է, թե առաջիկա 15 տարում Չինաստանի հետ պատերազմի հավանականությունը շատ բարձր է (հաղորդում է Sputnik International-ը»:
 
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը Եվրոպային կոչ է արել ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական պաշտպանունակությանը, քանի որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է կենտրոնանալ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և «չինական սպառնալիքի» վրա:
 
- Միացյալ Նահանգներին հարկավոր է եվրոպական ամուր հենարան: Ես կարծում եմ, որ 15 տարվա ընթացքում դա անխուսափելի չի լինի, սակայն շատ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն ի վիճակի կլինի պատերազմ վարել Չինաստանի դեմ,- հայտարարել է Հոջեսը:
 
Հոջեսը հավելել է, որ չնայած աշխարհաքաղաքական առաջնությունները փոփոխվել են՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ԱՄՆ հավատարմությունն աներեր է մնում: Իսկ վերոհիշյալ հարցման արդյունքերով՝ ամերիկացի զինվորականները ԱՄՆ հիմնական հակառակորդներ են համարում Ռուսաստանը և Չինաստանը: 
 
Աշխարհը վերստին «մեծ պատերազմի» մեջ ներքաշելը ահավոր հեռանկար է, սակայն մեր օրերում դրա նախադրյալներն այնքան շատ են, որ թերևս առավել զարմանալին դրանից խուսափելը կլինի: Բայց եթե մոլորակի վրա իրար դեմ դուրս գան միջուկային հզոր զինանոց ունեցող այդ հսկաները, ի՞նչ երաշխիք կա, թե ամեն օր հիշվող Աշխարհակործանումը հենց դրանից չի վրա հասնի: