Ապառազմականացված գոտում մեկտեղվել է երկու Կորեաները միացնող ճանապարհը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ Կորեական երկու պետությունների զինվորականները նոյեմբերի 22-ին ապառազմականացված գոտում միավորել են ճանապարհը:
 
65 տարում առաջին անգամն է, որ ճանապարհը Հյուսիսային Կորեայից միանգամից կտանի Հարավային: Այս գրունտային ուղին 12 մ առավելագույն լայնություն ունի:
 
- Դա պատմական նշանակություն ունի, քանի որ բացումը մի ճանապարհի, որը հյուսիսն ու հարավը միավորում է մի վայրում, որտեղ տեղի են ունեցել ամենադաժան ռազմական գործողությունները, հնարավորություն կտա արդյունավետ կերպով առաջ մղել համատեղ աշխատանքը, որպեսզի սպիանան նախկին պատերազմի վերքերը,- ասված է նախարարության մամլո հաղորդագրությունում: 
 
Երկու Կորեաները նաև համաձայնության են եկել մինչև տարեվերջ սկսել աշխատանքները երկաթգծերի և ավտոճանապարհների միավորման ուղղությամբ: 
Արդի ժամանակներում, երբ աշխարհի պետությունները ամեն ջանք գործադրում են իրար թուլացնելու, վնասելու և թշնամանք սերմանելու համար, Կորեական թերակղզու այս հաշտեցումը մխիթարական է: Թեև դրսից շատերն են ամեն կերպ փորձում խեղաթյուրել միավորվելու նրանց ձգտումը: Օրինակ լուրեր էին տարածել, թե ԿԺԴՀ հաքերները վնասել են իրենց հարավային հարևանի ու ազգակցի էլեկտրոնային էջերը, սակայն Հարավային Կորեայից դա հերքել են: Ի՞նչ իմանանք, գուցե Կորեական թերակղզու միավորման այս քայլերը դառնան աշխարհը չարիքից մաքրելու մեկնակետ: