Ոչ միայն ծովային, այլ նաև ցամաքային սահմանագծում. Բեյրութի նախապայմանը

ԱՄՆ պետքարտուղարի միջինարևելյան հարցերով օգնական Դեյվիդ Սեթըրֆիլդի՝ երկու շաբաթվա ընթացքում Բեյրութ կատարած երրորդ այցելությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման գործընթացի համար լծվել է մաքոքային դիվանագիտության։
 
Վիճելի ջրային տարածքը 860 քառ. կմ է, որի սահմանագծումը նախապայման է՝ օգտագործման գործընթացը մեկնարկելու և դրանով իբրև նախապատրաստություն բանակացություններ վարելու ձևաչափերն ու մեխանիզմները ճշտելու։
 
Չպետք է մոռանանք, որ հիմնական բարդությունը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների չգոյությունն է. առավել ևս պատերազմական նախադեպերը նկատի ունենալով՝ թշնամական հարաբերությունների ընդհանուր դրվածքը։
 
Առաջին հայացքից՝ նման դեպքերում իրականացվում է միջնորդական առաքելություն։ Իրավականորեն, նաև  համոզիչ այն հիմնավորումով, թե ՄԱԿ-ը, որ կապույտ գոտու վերահսկումով իրականացնում է  խաղաղապահ առաքելություն, իրավասու պետք է լինի  նախաձեռնելու սահմանագծման նման աշխատանքներ։
 
Վաշինգտոնի ուղղակի ներգրավվածությունը այս ծրագրին, և հատկապես մաքոքային դիվանագիտություն նախաձեռնելով օրակարգին հրատապություն հաղորդելը, ենթադրում է  շահագրգռվածության որոշակի աստիճանաչափ։
Եթե նկատի ունենանք, որ կողմերից մեկը ամերիկյան հովանոցի պաշտպանվածությունը կրող Իսրայելն է, առավել ևս քաղաքական առումով ըմբռնվում է օրակարգի հրատապությունն ու նրա  առաջին պլան գալու ամերիկյան վճռորոշման երևույթը։
 
Բեյրութին ուղղված Ամերիկյան ուղերձները միշտ նկատի են ունեցել Թել Ավիվի գործոնը։ Օժանդակությունների նախապայմանային բնույթից մինչև քաղաքական պաշտոնական հայտարարությունների ենթատեքստերը հետևողականորեն իսրայելյան ձեռագրերի հուշումներ են կատարել։ 
 
Հիմա պարզ է կիրառվածը։ Թել Ավիվի դրսևորած նախնական անհամաձայնությունը՝ միջնորդական մրցավարի դերը վստահելու ՄԱԿ-ին, թվում է, որ բանակցային խաղաթուղթ է։ Այդ վերապահությունը մասամբ վերացվել է և լիբանանյան կողմին փոխանցվել է, որ Իսրայելը համաձայն է ՄԱԿ-ին նման դերակատարություն վստահելու. ավելի ճիշտ՝ ՄԱԿ-ը ևս ներգրավելու։ Սակայն, այս եղանակով պարզ է դառնում, որ ծովային սահմանագծման քաղաքական համաձայնությունը կգոյանա ամերիկյան միջնորդությամբ՝ մնացյալ տեխնիկական աշխատանքի իրականացումը վստահելով ՄԱԿ-ին։ 
 
Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականության հետևանքային ալիքը հարվածում է նաև Լիբանանի ֆինանսատնտեսական դաշտին։ Մինչդեռ ծովային պեղումների մեկնարկը կարող է նախանշել տնտեսական իրավիճակի բարելավման ընթացք։ Մի կողմից սեղմելու, մյուս կողմից հեռանկար ցույց տալու ամերիկյան հերթական մոտեցումը վերադրսևորվում է այս առիթին ևս։
Բանակցությունների մեկնարկը հարաբերությունների բնականոնացում ենթադրող քայլ է. անկախ Իսրայելին էներգիայի նոր պաշարների հայթայթման առաջադրանքից, քաղաքական իմաստով նաև երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման միտումով կարող է  բացատրվել Վաշինգտոնի դրսևորած մաքոքայնությունը։
 
Պաշտոնական Բեյրութի դիվանագիտական արձագանքում այս հրատապությունը կբխի համալիբանանյան քաղաքական շահերից։ Բեյրութը սահմանագծումը ընկալում է համընդգրկուն հասկացությամբ, այսինքն՝ ոչ միայն ծովային, այլ նաև ցամաքային սահմանագծման հրամայականով։ Ահա այստեղ է արծարծվում Շըպայի և Քըֆարշուբայի տարածքային խնդիրները։ 
 
Պետքարտուղարի օգնականը հայտարարում էր, որ Թել Ավիվը ընդառաջում է Բեյրութի երկու պահանջներին։ ՄԱԿ-ի ներգրավվածության և ծովային սահմանագծման բանակցություններում ներառվելու է նաև ցամաքայինը։
Թվում է, որ բանակցային գործընթացի նոր փուլ է  թևակոխում Բեյրութ-Թել Ավիվ հակամարտությունը։ Առ այս պահը ամերիկացի նախագահը, ի տարբերություն Գոլանի, չի հայտարարել լիբանանյան տարածքների վրա իսրայելյան գերիշխանությունը։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր