...ԵՎ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ԵՆ

Չորսից մեկը կրթությունից զուրկ է մնում

Միջազգային կառույցները, թվում է՝ ստեղծվում են մոլորակի մակարդակով խնդիրներ լուծելու, իրական ցավին դարման անելու, անբարենպաստ իրավիճակները շտկելու համար: Միայն թե ինչքան ավելի են շատանում ու աշխատակիցներով ուռճանում նման կառույցները, աշխարհն ավելի խոր է մխրճվում  կորուստների ճահիճը: 
 
Աշխարհի 22 երկրներում 25 մլն երեխա դպրոց չի հաճախում: Պատճառը այդ երկրներում ընթացող զինված հակամարտություններն են: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն է այսպիսի տվյալներ հրապարակել ապրիլի 24-ին՝ կյանքից ու մանկությունից զրկված բյուրավոր երեխաների հիշատակի օրը: 6-15 տարեկան 25 մլն երեխա աշխարհի աչքի առջև զրկվում է մանկությունից: Նրանց մի մասը գուցե այդպես էլ հնարավորություն չունենա մեծանալ ու հասարակության չափահաս անդամ դառնալ, իսկ մնացածներից շատերը դառնալու են մանկություն չտեսած, դառնացած, վրեժխնդիր կամ էլ խեղճացած ու տկար քաղաքացիներ:  
 
Եվ սա նույն տարիքային խմբի երեխաների 22 տոկոսն է, այսինքն մոլորակի վրա ապրող երեխաների չորսից մեկը: Հարավային Սուդանում, օրինակ, երեխաների 72 տոկոսը դպրոցի երես չի տեսնում: Չադում կրթությունից զուրկ է մնում երեխաների կեսը, իսկ Աֆղանստանում՝ 46 տոկոսը: Ընդ որում ավելի հաճախ դպրոց չեն հաճախում աղջիկները: 
 
Բնականաբար՝ այս խնդիրը կարող էր որոշ չափով մեղմվել, եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարողանար բավականաչափ գումարներ տրամադրել: Մինչդեռ կառույցը տագնապ է հնչեցրել, թե կրթական ծրագրերի ֆինանսավորման համար բավարար միջոցներ չունի: Մանկական հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2010թ. այս կողմ կրթական ծրագրերի համար ծախսվել է հումանիտար գործողությունների համար հատկացված գումարների 2 տոկոսից պակասը: