Որքա՞ն կշարունակվի պատերազմն Ուկրաինայում և ինչպիսի՞ ավարտ կունենա Ռուսաստանի համար

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ

Ուկրաինայի հակահարձակման շնորհիվ սեպտեմբերի 10-ին մեկ օրում ազատագրվեց այն տարածքը, որի գրավումը Ռուսաստանից խլել էր երկու ամիս։ Նույնիսկ մինչ այս կարևոր պահը շատ վերլուծաբաններ ասում էին, որ մոտ է շրջադարձային կետն այն ճակատամարտում, որը մեկնարկել էր փետրվարի 24-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման օրը։
(Հրապակումը՝ JAMnews-ի)
 
 
Պատերազմի տևողությունն ու դրա զոհերը
 
Ուկրաինայի հակահարձակումը. ի՞նչ է լինելու հետո։ Լավատեսությունը քիչ է։ Ստեղծված իրավիճակից «պայմանական» ելք չկա։ Ներկայացնեմ մի քանի փաստարկներ.
 
1. Ռուս զինվորականներն ու վարձկանները հարյուրավոր ռազմական հանցագործություններ են կատարել, որոնց զոհ են դարձել տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք: Այս ամենը Ուկրաինայի համար սարսափելի և անընդունելի է դարձնում նույնիսկ այն միտքը, որ գրավված շրջանները պետք է թողնեն Ռուսաստանին։
 
2. Սկսած 2014 թվականից Պուտինը սեփական ժողովրդականությունը սերտորեն կապում էր ուկրաինական տարածքների «սողացող անեքսիայի» հետ։ Եվ քանի որ վերջին տասը տարիների ընթացքում նա չի կարողացել իր երկրի բնակչությանը ցույց տալ որևէ այլ ձեռքբերում,  չի կարող «հետ քաշվել» Ուկրաինայից։
 
Պատերազմը դադարեցնելու տարբերակներից որևէ մեկը, բացառությամբ ուկրաինական պետականության կործանման, ձեռնտու չէ Ռուսաստանին։
 
3. Ուկրաինացի ժողովրդի համար այսօր ընթանում է Հայրենական պատերազմ։ Ուկրաինան իր ավելի քան հազարամյա պատմության մեջ եզակի շրջան է ապրում. երկիրն ընտրում է ոչ թե մեկ այլ տիրակալի, այլ սեփական ազատությունը: Ընդ որում, զոհերի թվի աճը միայն վրեժի ծարավ է առաջացնում։
 
4. Ուկրաինան ունի արևմտյան երկրների լիարժեք աջակցությունը։ Գրեթե բոլորը համաձայն են, որ Ուկրաինայի պարտությունը կանխելը ազատ աշխարհի ամենակարևոր խնդիրն է։
 
5․ Մոտ ապագայում 45 մլրդ դոլարի զենքի մատակարարում են խոստացել Ուկրաինային։ Սա ավելին է, քան ռուսական բանակի մի քանի տարվա ծախսերը զենք-զինամթերք գնելու համար։
 
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի տնտեսական և ռազմատեխնոլոգիական առավելությունն այնքան մեծ է, որ Մոսկվայի իրական հաղթանակի մասին նույնիսկ երազել պետք չէ։
 
6. Ռուսաստանն այսօր խնդիրներ ունի բանակը համալրելու և ոչնչացված տեխնիկան ու սպառված զինամթերքը փոխարինելու հետ կապված։ Բայց նրա ռազմական արդյունաբերությունը կարող է արտադրել և արդիականացնել բավականաչափ զենք՝ դիրքային պատերազմ վարելու համար։ Իսկ դրա համար Մոսկվան դեռևս մի քանի տարի կունենա բավականաչափ գումար։
 
Այս ամենը խոսում է այն մասին, որ պատերազմը կարող է տևել ևս մի քանի տարի, առավել ևս, որ այսօր կողմերի ուժերը հավասարազոր են թվում։
 
Իհարկե, նման կանխատեսումը ենթադրում է մեծաթիվ զոհեր և կորուստներ։
 
Տարբեր գնահատականներով՝ ռուսական կողմի մարդկային կորուստներն արդեն գերազանցում են 50 հազարը։ Իսկ եթե պատերազմը ձգվի ևս մեկ տարի, դրանք կարող են հասնել 150-170 հազարի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այժմ ավելի ու ավելի քիչ պատրաստված զինվորներ են մարտի նետվում։
 
Ուկրաինական կողմից կորուստներն արդեն հասնում են, կարծում եմ, կես միլիոն մարդու։ Միայն Մարիուպոլում շուրջ 100 հազար մարդ սպանվել է կամ անհետ կորել։ Իսկ մեկ տարում զոհերի թիվը կարող է առնվազն կրկնապատկվել։
 
Ուկրաինան չի կարող պարտվել այս պատերազմում։ Բայց նա կարող է դրանից դուրս գալ գրեթե ամբողջությամբ ավերված և արյունաքամ։
 
Ուկրաինայի տարածքի գրեթե մեկ հինգերորդն ավերված կլինի։ Վնասը արդեն գնահատվում է մեկ տրիլիոն դոլար։ Պատերազմի ավարտը կդառնա վերականգնման շրջանի սկիզբ, որը կտևի երկար տարիներ։ Իսկ ուկրաինացի ժողովրդի «համախմբումը», հավանաբար, այլևս երբեք տեղի չի ունենա։
 
Ինչպիսի՞ն կլինի հետպատերազմյան աշխարհը
 
Պատերազմն Ուկրաինայում ուժեղացնում է միաբևեռ աշխարհը։ Արևմուտքը կորցրել է այն պատրանքը, թե հնարավոր է խաղաղ գոյակցել ավտորիտար ռեժիմների հետ։
 
2010-ականների կեսերին Ռուսաստանը հասել էր գործողությունների հսկայական ազատության՝
 
Գրեթե առանց հետևանքների մասնատեց Վրաստանը,
 
Անեքսիայի ենթարկեց Ղրիմը,
 
Դոնբասում ստեղծեց խամաճիկային պետություն,
 
Նրան գործնականում թույլ տվեցին անկումից զերծ պահել Բաշար ալ-Ասադի ահաբեկչական կառավարությունը Սիրիայում,
 
Բացահայտ կապեր հաստատեց Աֆղանստանում իշխանության եկած թալիբների հետ։
 
Նման պայմաններում ավելի համարձակ դարձան նաև այլ ռևիզիոնիստական ուժեր, հատկապես Չինաստանը, որը սկսեց բավականին բարձրաձայն երազել Թայվանի «վերադարձի» մասին։
 
Ըստ այդմ, պատերազմի հիմնական արդյունքը կլինի արևմտյան աշխարհի սահմանների ամրապնդումը, նրա դաշնակիցների լրացուցիչ սպառազինումը և ցանկացած բազմանշանակ չեզոքության մերժումը (ինչն արդեն երևացել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու օրինակով)։
 
Ռուսաստանի սահմանների շուրջ նոր երկաթե վարագույր կկանգնեցվի, իսկ Չինաստանի շուրջ կստեղծվեն պաշտպանական լուրջ դաշինքներ։
 
Հակամարտության արժեքը Արևմուտքի համար կկազմի մի քանի տրիլիոն դոլար, բայց ի վերջո, արևմտյան քաղաքակրթությունը կդառնա ավելի համախմբված և տեխնոլոգիապես զարգացած։
 
Ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ
 
Ուկրաինայի դրոշը Կրեմլի վրա չի ծածանվի։ Բացի այդ, Ռուսաստանի փլուզումը քիչ հավանական է թվում:
 
Ամենայն հավանականությամբ, ներկայիս պայմաններում ռազմական պարտությունը կհանգեցնի գործող ռեժիմի էլ ավելի խստացման։
 
Ուկրաինայի հետ պատերազմում պարտությունը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը՝ որպես հակաեվրոպական, դասակարգային, ավտորիտար երկիր, որը տնտեսապես ապավինում է բացառապես իր ռեսուրսային ներուժին:
 
Այս ամենը, իհարկե, կարող է չափազանց ողբալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար։ Բայց մնացյալ աշխարհի համար մեծ ողբերգություն չի դառնա:
 
2022 թվականի փետրվարին Ռուսաստանն իր հետխորհրդային կերպարանքով ստորագրեց իր մահվան դատավճիռը։ Նա չի փոխի աշխարհը, բայց ինքն իրեն կշպրտի անցյալ և կկորցնի այն քաղաքական համակարգը, որը մինչև վերջերս ձեռնտու էր այդ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը:
(Տպագրված է կրճատումներով)