Փորձություն՝ Յուրի Խաչատուրովի համար

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊ Է ՏԱՐԱԾՈՒՄ

Մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ  ՀԱՊԿ-ի անդամ  Ղազախստանը բանակցում է Ադրբեջանի հետ՝ նրան  վերջին մոդելի զրահապատ մեքենա վաճառելու համար: Բաքուն, առաջ ընկնելով, ոգևորված հայտարարեց, որ բանակցություններն ավարտվել են, և շուտով զենքը կգնեն: Մինչդեռ Ղազախստանն ասաց, թե բանակցությունները դեռ շարունակվում են:

ՀԱՊԿ-ի խնդիրներից մեկը անդամ-երկրների տարածքային-տնտեսական տարածությունը ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից պաշտպանելն է՝ բանակների և օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով: Մինչդեռ  Ղազախստանի այս քայլը ճիշտ հակառակ նշանակետի է խփում: Սա  պատահական չէ, քանի որ  թշնամուն զենք վաճառելու  նախակարապետը մեր դաշնակից, ՀԱՊԿ անդամ, իսկ իրականում դրա ստվերային ղեկավար Ռուսաստանն է:  Ադրբեջանին զենք վաճառելու թեման  սրվեց ապրիլյան պատերազմից հետո: ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի ցինիկ ու լկտի հայտարարությունը չուշացավ՝ դա ընդամենը բիզնես է, որը շարունակվելու է: Եթե իրենք չվաճառեն՝ կվաճառի այլ պետություն. ահա  սա է մեզ դաշնակից ներկայացող Ռուսաստանը: Եվ ռազմավարական գործընկերոջ այս պահվածքն ու նոստրադամուսական կանխատեսումն  իրականացավ: Հերթը հասավ Ղազախստանին: ՈՒ չպետք է զարմանանք, եթե  որոշ ժամանակ  անց պարզվի, որ  ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բիիիիզնես է:

Ադրբեջանի այս  հայտարարությունը նաև քարոզչական նպատակ ունի՝ վախեցնել  հայ հանրությանը, խուճապ տարածել, հասկացնել, թե սպավելիք պատերազմում պարտվելու ենք: Բաքվի հաշվարկները զուր են, քանի որ   Արցախյան գոյամարտից  տարիներ  հետո  ապրիլյան քառօրյա պատերազմը հակառակը ցույց տվեց: Ավելին՝ Բաքվի այս քայլն ավելի զգոն է դարձնում Հայաստանին: 

Արդ, ո՞րն է մեր անելիքը: Այս  գործընթացն առաջին հերթին  փորձություն է  ՀԱՊԿ-ի գլխավոր  նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովի համար: Առաջին փորձությունը: Կկարողանա՞ նա  սրա դեմն առնել, թույլ չտալ գործարքի կայացումը...

 Հասկանալի է, որ նա չի կարող վերազգային կառույցում առաջ տանել հայ ժողովրդի շահերը, բայց միայն հղում տալով ՀԱՊԿ-ի որդեգրած քաղաքականությանը, ՀՀ դիվանագիտության հետ աշխատելով՝ հնարավոր է սայլը տեղից շարժել: Ի  վերջո, ամեն ինչ չէ, որ նավթով ու խավիարով է որոշվում: Բացի այդ, խնդիրը բարձրաձայնելն ու այս կարգի զինավաճառությունը դադարեցնելու պահնջները չեն կարող անհետևանք մնալ: