Փոխադրամիջոցների ապագան Էլեկտրամեքենաներն են

Ավտեմեքենաների առատությամբ պայմանավորված՝ օդի աղտոտվածությունն արդեն անլուծելի խնդիր է դառնում: Օրինակ, Երևանում հիմա օդը թերևս պակաս աղտոտված չէ, քան այն ժամանակ, երբ «Նաիրիտն» ու մնացած գործարաններն օրուգիշեր թունավոր նյութեր էին արտանետում:  
 
Սակայն, ինչպես ասում են՝ եթե ցավը կա, դարմանն էլ է գտնվում: Տրանսպորտի պարագայում այդ դարմանը ածխաջրածնային վառելիքով աշխատող փոխադրամիջոցների փոխարեն էլեկտրամեքենաներ օգտագործելն է: Ժամանակին Երևանում վերացվեց էլեկտրաէներգիայով աշխատող տրամվայների ցանցը, տրոլեյբուսներն էլ այնքան քիչ են փողոցներում երևում, որ շատերը դրանց գոյության մասին սկսում են մոռանալ: Բայց չմոռանանք նաև, որ մեր ժամանակներում տեխնիկական միջոցները կատարելագործվում են կայծակնային արագությամբ:
 
Ահա Հնդկաստանի Վերափոխման ազգային ինստիտուտը սկսել է մի ծրագրի մշակումը, որի նպատակն է 15 տարի հետո ամբողջովին անցնել էլեկտրամեքենաների շահագործմանը՝ հրաժարվելով բենզինով ու գազով աշխատող տրանսպորտից: Այդ նպատակով առաջարկվում է նվազեցնել էլեկտրամեքենա ձեռք բերելու հարկերն ու վարկավորման տոկոսադրույքները և վճարել տաքսի ծառայությունների էլեկտրաէներգիայի վարձը, ինչպես նաև՝ սահմանափակել ածխաջրածնային վառելիքով աշխատող մեքենաների առևտուրը: Արդեն 2018թ. Հնդկաստանում պետք է շահագործման հանձնվի մարտկոցների պետական գործարանը, բացվեն մարտկոցների փոխանակման կետեր (Lenta.ru-ն է փոխանցել): 
 
Թերևս էլեկտրատրամեքենաները զանգվածային դարձնելու հարցն իրոք արդեն հասունացել է: Վերջերս տեղեկություն հրապարակվեց, որ Երևանում նույնպես դրա նմուշներից հայտնվել են: Սա նաև մի շատ կարևոր խնդիր կլուծի՝ կնվազեցնի նավթից ու գազից երկրների կախվածությունը, Ադրբեջանի նման երկրներն էլ կսկսեն իրենց ապրանքի համար ուրիշ կիրառության շուկաներ փնտրել: Վերջին հարյուրամյակի պատերազմների հիմնական պատճառը միշտ էլ նավթագազային շահերն են եղել, այնպես որ սա թերևս նաև խաղաղասիրական դեր կունենա: Դրան նպաստելու համար լավ կլիներ, դարն ապրած տրամվայ-տրոլեյբուսները մոռանալով, Հայաստանում նույնպես սկսեին ծուխ ու մուր արտանետող ավտոմեքենաները բնամաքուր էլեկտրամեքենաներով փոխարինելու գործընթացը: