«Որտեղ Ռուսաստան, այնտեղ դավաճանություն». վրացի փորձագետները՝ ԼՂ-ի դեպքերի մասին

ԼՂ ԴԵՊՔԵՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՏԱՐՈՒՄ ԿՈՎԿԱՍԻՑ

Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները, ի՞նչ է դա նշանակում Վրաստանի և ամբողջ Կովկասի համար։
 
JAMnews-ն այս հարցն ուղղել է վրացի փորձագետներին։
 
 
Պաատա Զաքարեիշվիլի․
կոնֆլիկտաբան
 
- Տեղի ունեցածը միանգամայն սպասելի արդյունք էր։ Մարկեսն ունի հայտնի «Հայտարարված մահվան տարեգրություն» վեպը, և դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։
 
Այդ իրադարձություններից ընդամենը մի քանի ժամ առաջ ես ժամանեցի Բաքվից, իսկ մինչ այդ մեկ շաբաթով Երևանում էի, որտեղ հանդիպեցի բազմաթիվ փորձագետների։
 
Եվ բոլորը խոսում էին այն մասին, որ Ղարաբաղում պատերազմ է լինելու։
 
Այստեղ կարևորն այն է, որ կան չորս խաղացողներ։ Եվ, ցավոք, դրանց շարքում Վրաստանը նկատի չի առնվում։ Վրաստանը կտրված է այս իրադարձություններից, նույնիսկ զարկերակը չի զգում։
 
Առաջին խաղացողը Թուրքիան է: Նա ստվերում է և հանդիսանում է Ադրբեջանի անվտանգության երաշխավորը, կարծես ամբողջ աշխարհին ասում է՝ եթե հանդես գաք Ադրբեջանի դեմ, ինձ հետ գործ կունենաք։
 
Հիմնական խաղացողը, իհարկե, Ադրբեջանն է։ Նա իր քաղաքականությունն իրականացնում է Թուրքիայի հետ համաձայնությամբ, Թուրքիայի վրա հույս դնելով և Թուրքիայի աջակցությամբ։
 
Երրորդ խաղացողը Ռուսաստանն է։ Թուրքիան և Ադրբեջանը նրան վերածել են սևագործ բանվորի։ Կարծես Ռուսաստանին ասել են՝ եթե ուզում ես մի որոշ ժամանակ մնալ Կովկասում, արա սև գործը։ Օրինակ՝ հրաժարվիր Հայաստանից։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին պարտադրել են թուրք-ադրբեջանական խաղի կանոնները, Ռուսաստանն ընդունել է դրանք և իրականացրել Հայաստանի հանդեպ։
 
Իսկ չորրորդ խաղացողը Հայաստանն է։ Ստիպված է ընդունել խաղի կանոնները, որոնք մշակվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից և հաշվի են առնվել Ռուսաստանի կողմից։ Փաստացի Հայաստանը դաշնակիցներ չունի։
 
Հայաստանի սխալն այն է, որ չի հասկացել՝ Ռուսաստանը դավաճան է։
 
Թե ով է Ռուսաստանը, պարզ դարձավ 2016-ին և 2020-ին, երբ եղան առաջին և երկրորդ էսկալացիաները, և Ադրբեջանը որոշակի հաջողությունների հասավ ղարաբաղյան ուղղությամբ։ Այդ ժամանակ Ռուսաստանը լռեցրեց Հայաստանին, իսկ Հայաստանը այդ ժամանակ չհասկացավ, որ Ռուսաստանը դավաճան է։
 
Բայց հիմա Հայաստանում արդեն հաստատ գիտեն, որ որտեղ Ռուսաստանն է, այնտեղ կան խնդիրներ, դավաճանություն, նվաստացում, ցինիզմ։
Իմ կարծիքով՝ Հայաստանի դիրքորոշումը կլինի ամենակարևորը։ Հայաստանը պետք է հստակ որոշում կայացնի, թե ուր է շարժվում՝ կմնա՞ ռուսական քաղաքականության մաս, թե՞ կդառնա Հարավային Կովկասի քաղաքականության կարևոր խաղացողներից մեկը։
 
Պետք է բանակցություններ մեկնարկեն Բաքվի և Անկարայի հետ։ Նա պետք է հարաբերություններ սկսի Բրյուսելի հետ։
 
Պետք է տեղի ունենա Ռուսաստանի ամբողջական վտարում Հարավային Կովկասից։
 
Այսօր Հայաստանը հարվածի տակ է, ես կարեկցում եմ հայ ժողովրդին, որը շատ բանի միջով է անցել։ Բայց պետք է իր հայացքը ներս գցի ու հասկանա, թե որտեղ է սխալվել։ Խնդիրն այն է, որ Հայաստանում սա հասկանում են բոլորը, բայց ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնում։
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա աշխարհաքաղաքական իրողությունները զգալիորեն փոխվում են, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ռազմավարություն կունենա Ադրբեջանը։ Հիմնական հարցն այն է, թե արդյոք Ադրբեջանն իսկապես մտադիր է ինտեգրել հայ բնակչությանը, թե՞ իրականում ուզում է խթանել հայ բնակչության արտագաղթը Ղարաբաղից։
 
Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը վերադարձնելու է իրեն Ղարաբաղը։ Բայց հարցն այն էր, թե արդյոք Ադրբեջանը պայմաններ կստեղծի հայ բնակչության համար։ Եթե դա անի, ապա պարզ է, որ բնակչության մի մասը կվերադառնա այնտեղ։
 
Արդյո՞ք Ադրբեջանն իսկապես ուզում է հայ ժողովրդի ինտեգրում, ինչպես այսօր բացահայտ հայտարարում է Բաքուն, պարզ կդառնա երեք-չորս, առավելագույնը՝ վեց ամսից։ Տեսնենք, թե ուր կտանի Ադրբեջանի ռազմավարությունը։
 
Եթե լինի իրական ինտեգրացիա, ապա Ռուսաստանն Ադրբեջանին ընդհանրապես պետք չի լինի տարածաշրջանում։ Իսկ եթե ինտեգրացիա չլինի, ապա Ադրբեջանը նախատեսում է համագործակցել Ռուսաստանի հետ, ինչպես արել է նախկինում։
 
Ռուսաստանը կհամաձայնի դրան։ Նա ուզում է մնալ Կովկասում և հանուն դրա պատրաստ է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը։
 
Թուրքիայի դիրքորոշումը Կովկասում շատ կարևոր է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ուստի անվտանգային հարցերում մեր ռազմավարական դաշնակիցը պետք է լինի Թուրքիան։
 
Ադրբեջանի և Թուրքիայի միջև անվտանգության և ռազմական ոլորտում 16 համաձայնագիր է ստորագրվել։ Մինչդեռ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին ոչ թե Ադրբեջանն է հայտարարում, այլ Վրաստանը։
 
Ռուսաստանից պաշտպանվելու համար մենք պետք է նմանատիպ փաստաթղթեր ստորագրենք Թուրքիայի հետ։
 
Վրաստանն այսօր անընդհատ հայտարարում է, որ իրեն մենակ են թողել Ռուսաստանի դեմ։ Բայց դա նոնսենս է։ Մենք միայնակ չենք, Թուրքիան մեր կողքին է, և մենք պետք է օգտվենք դրանից։
 
Գիորգի Բիլանիշվիլի․
արտաքին քաղաքականության մասնագետ, Իլիայի համալսարանի պրոֆեսոր
 
- Հետխորհրդային տարածքում Ռուսաստանը միշտ էլ մեծ դեր է խաղացել հակամարտող տարածքներում՝ լինի դա միջնորդի, թե հակամարտություն հրահրող մանիպուլյատորի դեր։
 
Ղարաբաղում տեղի ունեցող ներկայիս իրադարձություններն առաջին դեպքն են, երբ տարածաշրջանում ազդեցություն ունեցող մեկ այլ պետություն ավելի կարևոր դեր է խաղում, քան Ռուսաստանը։
 
Ադրբեջանը մի կողմից շահող դուրս եկավ, քանի որ Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական պատերազմով։
 
Մյուս կողմից, փաստ է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մեծ գործարք է կնքվել։
 
Ամեն դեպքում, Ադրբեջանը սպասում էր, որ Ռուսաստանը չի միջամտի։ Կարծես թե Փաշինյանը նույնն էր սպասում, և հենց դրա համար էլ վերջին շրջանում հակառուսական հայտարարություններ էր անում։
 
Այս ամենը խոսում է տարածաշրջանում ռուսական ազդեցության անկման մասին։ Այն, ինչ տեղի է ունենում, ոչ մի կերպ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին:
 
Ռուսաստանը միշտ կարծել է, որ հենց ինքը պետք է բացառիկ վերահսկողություն ունենա կովկասյան տարածաշրջանի նկատմամբ։ Այդ նպատակով նա օգտագործեց ղարաբաղյան հակամարտությունը, որպեսզի պահպանի իր ազդեցությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի վրա, թույլ չտա Թուրքիային կամ Իրանին ավելի խորը ներթափանցել այստեղ։
 
Ռուսաստանի համար Ղարաբաղը լծակ էր։ Բայց 2020 թվականի պատերազմից հետո նա մասամբ կորցրեց այդ լծակը, քանի որ դեռ այն ժամանակ ակնհայտ էր Թուրքիայի դերը հօգուտ Ադրբեջանի։ Եվ այդ դերը նույնն է նաև այսօր։
 
Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում էլ ավելի կամրապնդվեն։ Ինչը նշանակում է, որ իրավիճակը տարածաշրջանում ամբողջությամբ փոխվում է։
 
Եթե նույնիսկ ենթադրենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործարք է եղել, ապա այդ գործարքն ամեն դեպքում միայն մարտավարական նշանակություն կունենա։ Կարծում եմ՝ ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանը պարտվեց։ Սա ձախողում էր նրա համար: Եվ Մոսկվան հավանաբար ստիպված է եղել ընդունել այս ամենը, սկսել ընտելանալ այս նոր իրականությանը։
 
Նախադեպ տեղի ունեցավ։ Ռուսաստանը ձեռնպահ քվեարկեց, իսկ Արևմուտքն ընդհանրապես չմասնակցեց։ Իսկ խնդրի լուծման հարցում ամենակարևորը տարածաշրջանային դերակատարներն էին։
 
Հայաստանն առաջին անգամ հնարավորություն ունի ավելի ազատ իրականացնել սեփական արտաքին քաղաքականությունը, նա այլևս կախված չէ Ռուսաստանից։ Եթե հայերն իսկապես ուզում են գնալ դեպի Արևմուտք, ապա այժմ դա անելու հնարավորություն ունեն: Սա իսկապես դրական պահ է տարածաշրջանի համար։
 
Ինչ վերաբերում է Վրաստանին, եթե Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն, դա տարածաշրջանում նոր միջավայր կստեղծի, և դա միայն լավ կլինի Վրաստանի համար։
 
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլանում են, ինչը ևս լավ է Վրաստանի համար։ Հարցը միայն այն է, թե արդյոք Վրաստանի ներկայիս իշխանությունը կցանկանա՞ օգտվել այս իրավիճակից։
 
Խնդիրն այն է, որ նրանք չեն ուզում օգտվել դրանից։ Ուստի վրացիների համար այս պահին առանձնապես ոչինչ չի փոխվում, քանի որ հնարավորություններ են ի հայտ եկել, բայց ոչ ոք չի պատրաստվում օգտագործել դրանք»։