«Չափազանց մտահոգիչ է». ԵՄ դեսպանը՝ Աբխազիայում ռուսական բազայի մասին

ՊԱՎԵԼ ԳԵՐՉԻՆՍԿՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ JAMNEWS

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկու խոսքով՝ օկուպացված Աբխազիայում՝ Օչամչիրա քաղաքում ռուսական ռազմածովային բազայի բացման մասին հաղորդագրությունները չափազանց մտահոգիչ են։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, վրանների մասին օրենքին՝ Գերչինսկին պարզաբանել է, որ ԵՄ-ն աջակցում է խոսքի և հավաքների ազատությանը։ Դեսպանը խոսել է նաև Վրաստանի նախագահի իմպիչմենտի մասին՝ հայտարարելով, որ այդ գործընթացը «չի նպաստում» ապաբևեռացմանը։
 
Ի՞նչ է ասել ԵՄ դեսպանը լրագրողներին
 
Աբխազիայում ռուսական բազայի մասին
 
«Թույլ տվեք կրկնել Եվրամիության դիրքորոշումը. մենք աջակցում ենք Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Աբխազիայի օկուպացված շրջանում հերթական ռուսական ռազմաբազայի բացման մասին լուրերը, իհարկե, չափազանց տագնապալի են։ Դա կլինի 2008 թվականին Ռուսաստանի ստանձնած 6-կետանոց պարտավորությունների ակնհայտ խախտում, ակնհայտորեն շատ անցանկալի և մտահոգիչ զարգացում է»:
 
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ Օչամչիրայում կստեղծվի ռուսական մշտական ռազմածովային բազա։ Այս մասին Բժանիան պատմել է ռուսական «Известия» պարբերականին տված հարցազրույցում։
 
Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան արձագանքել է Ասլան Բժանիայի հայտարարությանը և նշել, որ այդ համաձայնությունը «այսօր չէ, որ ձեռք է բերվել», և որոշումն ընդունվել է նախորդ համատեղ հանդիպումների ընթացքում։ Շամբայի խոսքով՝ Աբխազիայի համար դա Ռուսաստանի Դաշնության հետ կնքված դաշնակցային պայմանագրերի իրագործման օրինակ է։
 
Այսպես կոչված վրանների մասին օրենքը
 
«Այն, ինչ ես կարող եմ ասել, այն է, որ Եվրամիությունը դատապարտում է բռնությունը, անկախ նրանից, թե ում դեմ է այն ուղղված: Մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնությունը, բայց մյուս կողմից մենք շատ հստակ պաշտպանում ենք խոսքի և հավաքների ազատությունը»։
 
Հոկտեմբերի 5-ին խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է Հավաքների և ցույցերի մասին օրենքի փոփոխությունները։
 
Օրինագծի համաձայն՝ հանրահավաքների կամ ցույցերի մասնակիցներին արգելվում է ժամանակավոր շինություն կառուցելը, «եթե այն ստեղծում է սպառնալիք ակցիայի կամ ցույցի մասնակիցների կամ այլ անձանց համար, միջամտում է ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության պահպանմանը, առաջացնում է ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեության խախտում կամ խոչընդոտում է հանրահավաքի կամ ցույցի անցկացմանը»։
 
Վրաստանի նախագահի իմպիչմենտի մասին
 
«Վրաստանի նախագահի իմպիչմենտի գործընթացը չի նպաստում ապաբևեռացմանը՝ Եվրամիության 12 առաջարկությունների ցանկի թիվ մեկ կետին, ուստի խառը պատկեր է նկատվում։
 
Մի կողմից՝ շատ բան է արվել, հատկապես վերջին շաբաթներին, ԵՄ բարձր ներկայացուցչի այցից հետո մենք տեսնում ենք հսկայական արագացում, մյուս կողմից՝ Վրաստանից դեռևս ստացվում են տարբեր ազդակներ»։
 
Վրաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի հարցով կողմերի լսումները, որոնք տեղի են ունեցել երեք օրվա ընթացքում։ Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է հրապարակվի սահմանված ժամկետում՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
 
Եթե Սահմանադրական դատարանն ընդունի Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից սահմանադրության խախտման հանգամանքը, ապա գործընթացն արդեն կհայտնվի խորհրդարանի իրավասության ներքո։ Նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, այս փուլում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անհրաժեշտ աջակցություն չունի։