«Մարդիկ ասում են՝ մեր զինվորները մեռնում են՝ հանուն ինչի՞, ոչ մեկը չի կարողանում բացատրել»

ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐՆ ՈՒ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԵՆ

Իսրայելի քաղաքների փողոցները գրեթե դատարկվել են, նախկինում, երբ առավոտյան գնում էինք կայարան, որտեղից մարդիկ տարբեր քաղաքներ աշխատանքի էին գնում՝ կյանքը եռում էր, ինչ ազգության մարդ ասես՝ կար, էլ չինացի, էլ ճապոնացի, էլ սևամորթներ, էլ ռուսներ, ուկրաինացիներ, հայեր, շատ-շատ էին, երեկ դուրս էի եկել, որ գնամ աշխատանքի, առավոտյան 6-ին մեքենան գալու էր, կայարանը դատարկ էր, 2 ռուս ու մի հայ էինք կայարանում։
 
«Փաստինֆոյի» հետ զրույցում պատմել է Իսրայելի Նաթանյաու քաղաքում բնակվող Քրիստինա Մինասյանը։
 
Նրա փոխանցմամբ՝ քաղաքը, որտեղ բնակվում է, դեռ հրետակոծության չի ենթարկվել, դրա համար էլ երկրի տարբեր բնակավայրերից, որտեղ հրետակոծություններ կան, մարդիկ տեղափոխվում են իրենց քաղաք։
 
- Շատ հայտարարություններ կան, մարդիկ այստեղ տուն ու աշխատանք են փնտրում ու զանգվածաբար տեղափոխվում են մեր կողմ։
 
Մարդիկ շատ տխուր են, շատ մտահոգ, ինչպես Հայաստանում էր,երբ մարդիկ բոլորը մի տեսակ խոժոռ էին, ամեն մեկն իր մտքերով, հայերի նման են դարձել՝ մտահոգ են, ոչ մեկ չի պատկերացնում, թե ինչով է ավարտվելու այս ամենը։ Ում հետ խոսում եմ՝ գլուխները բռնում են, ասում են՝ լավ չի վիճակը, բայց ոչ ոք չգիտի, թե երբ կվերջանա էս ամենը։ Մարդիկ ասում են՝ մեր զինվորները մեռնում են, բայց ոչ մեկ չի կարողանում բացատրել հանուն ինչի։ Երեկ մի կնոջ հետ էի խոսում, ասում է մեր երիտասարդները մեղք են, հեռախոսը բացել ու ցույց է տալիս զոհերի, գլխատված զինվորների, բռնաբարված կանանց, գերիների նկարները։ Ասում եմ՝ նույնը մեր հետ է եղել ադրբեջանցիներն են արել, ու դուք օգնել եք, զարմացած էր, մարդիկ չգիտեն, որ իրենց կառավարությունը Ադրբեջանին զենք է վաճառել, օգնել է։ Հիմա նաև ցույցեր են, մարդիկ կառավարության հրաժարականն են պահանջում։
 
Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով թերթերում հրապարակվում են գերիների նկարները։ - -
 
- Սա իսկապես ճնշող է, նրանց մեջ շատ են երեխաները, կանայք, զինվորականները։
 
Բայց մարդիկ շատ համախմբված են, մի քանի օր քաղաքի խանութները դատարկ էին, մարդիկ ահաբեկված էին, գիտեն աշխարհի վերջն է, շատ գնումներ էին անում, անգամ ջուր չկար, խանութներում, իսկ այստեղի շոգերն ահավոր են։ Հետո իմացանք, որ շատերը խմբեր են ստեղծել ու սնունդը տանում են զինվորներին։ Հիմա նորից խանութները ապրանքներ են ստացել։
 
Քրիստինան պատմեց, որ շատերը սկսել են տանից աշխատել։ «Ռանանայում մի տուն կա, որտեղ աշխատում եմ արդեն 6-7 ամիս, այսօր առաջին անգամ եմ տան տիրոջը տեսել, Թել Ավիվում է աշխատում, գործի չեն կանչում։ Վաղն էլ գնալու եմ Բնեբրատ, սա ծայրահեղականների քաղաք է, այ էնտեղ ռմբակոծում են, այդ քաղաքում մարդիկ կարծես այս աշխարհից չլինեն, եթե ուրիշ տեղերում հրետակոծության ժամանակ մարդիկ ավտոբուսներից դուրս են թափվում ու պառկում են գետնին, էս քաղաքում փողոցում գիրք կարդալով, աղոթելով քայլում են ու ոչ վազում են ոչ էլ թաքնվում, շարունակում են իրենց ճանապարհը»։
 
Կինը նշեց, որ թեեւ իրավիճակը գնալով լարվում է, սակայն հայերի շրջանում գերիներ ու զոհեր չկան։ Դեսպանատունն ամեն օր կապի մեջ է ու անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրում է։ Ինքն էլ առայժմ Հայաստան գալ չի ծրագրում, 1-2 ամսից, եթե իրավիճակը չկայունանա՝ գալու մասին կմտածի։