Վրաստանում «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունը՝ ԶԼՄ-ներին պատժելու մեխանիզմ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել «Հեռարձակման մասին» օրենքում։ Հիմնական բանը, որ փոխվում է, այն է, որ ընդլայնվում են Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի լիազորությունները «ատելություն հրահրելու» մասին կետի կարգավորման առումով։
 
Փոփոխությունների հեղինակները խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն են։ Օրինագիծը կընդունվի արագացված ընթացակարգով։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է հոկտեմբերի 18-ին՝ 79 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ։
 
Փորձագետներն այս փոփոխությունների մեջ տեսնում են երկրում խոսքի ազատության պոտենցիալ սահմանափակում: Փոփոխությունների փաթեթը քննարկումների տեղիք տվեց դեռևս նախաձեռնման փուլում, սակայն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը առավել մտահոգիչ է։
 
- Ատելության հրահրման մասին կառավարության կանոնակարգմանը հանկարծ ավելացավ անպարկեշտության կարգավորումը։ Այս կետը սկզբնական տարբերակում չի եղել, այն ավելացվել է առաջին ընթերցման ժամանակ՝ նախքան ընդունումը։ Իսկ դա մեծ սպառնալիք է ԶԼՄ-ների ազատությանը,- նշում է «Վրաստանի դեմոկրատական նախաձեռնության» նախագահ Էդուարդ Մարիկաշվիլին։
 
Բացատրական գրության մեջ նշվում է, որ «փոփոխություններն ուղղված են «Հեռարձակման մասին» վրացական օրենքի կատարելագործմանը՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան, և արդյունավետ մեխանիզմ ստեղծելուն՝ կանխելու համար ահաբեկչություն և ատելություն հրահրող կոչեր պարունակող ծրագրերի և գովազդի տարածումը»։
 
Ի՞նչն է փոխվում
 
Գործող օրենքի համաձայն՝ եթե ԶԼՄ-ները իրենց արտադրանքը տարածելիս կամ գովազդելիս խախտում են օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը, այն է՝ տարածում են ատելության խոսք կամ ահաբեկչության կոչեր պարունակող բովանդակություն, ապա դրան կարելի է արձագանքել միայն ինքնակարգավորման մեխանիզմի շրջանակներում։ Այս որոշումները չեն կարող բողոքարկվել դատարանում, Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովում կամ որևէ այլ վարչական մարմնում։
 
Իսկ նոր օրինագծի համաձայն՝ գործընթացը չի սահմանափակվում միայն ինքնակարգավորման մեխանիզմով. եթե խախտվում է 55-րդ հոդվածի 2-րդ կետը, ապա շահագրգիռ կողմն իրավունք ունի ինքնակարգավորման մեխանիզմով ընդունված որոշումը օրենքով սահմանված կարգով բողոքարկել Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովում։
 
Մեդիա փորձագետների կարծիքը
 
«Վրացական երազանք»-ը նշում է, որ օրենքի ընդունման արդյունքում «կկատարվի Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունը, ըստ որի՝ կստեղծվի արդյունավետ մեխանիզմ՝ օրենսդրական մակարդակով կանխելու ատելության խոսքի, ատելության և ահաբեկչության հրահրումը»։
 
Փորձագետները, որոնք բացասական են գնահատում օրինագիծը, կարծում են՝ պետական կառույցների ձեռքում հայտնված լծակները կարող են դառնալ քննադատաբար տրամադրված լրատվամիջոցներին պատժելու մեխանիզմ։
 
«Տարածաշրջանային հեռարձակողների դաշինքի» նախագահ Նաթիա Կուպրաշվիլին ասում է՝ նախատեսվող փոփոխությունները չափազանց աղոտ են ձևակերպված։ Կուպրաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ օրենսդրական փոփոխությունները մեկնաբանության տեղ են թողնում, ինչը նշանակում է, որ կարգավորող մարմինը, ելնելով իր տեսլականից, կարող է դատական գործընթաց սկսել հեռարձակողի դեմ և կիրառել պատժամիջոցներ հատուկ դեպքերում, ինչը կարող է դառնալ քննադատաբար տրամադրված լրատվամիջոցներին պատժելու մեխանիզմ։
Նախագծին հոկտեմբերի 17-ին արձագանքել էր նաև «Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության կոալիցիան»։ Կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ լրացուցիչ լիազորությունների կենտրոնացումը կարգավորողի ձեռքում մեծացնում է դրանց չարաշահման վտանգը։ Կազմակերպությունը պնդում է, որ ունի մտահոգվելու օրինական հիմքեր՝ հաշվի առնելով անցյալի փորձը:
 
Կոալիցիան ևս մեկ անգամ խորհրդարանական մեծամասնությանը կոչ է արել չընդունել լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրական փոփոխություններ՝ առանց հեռարձակողների հետ խորհրդակցելու և լայն քննարկման։
 
- Նման մոդելի մասին խոսել են Եվրոպայի խորհրդի անկախ փորձագետները, ովքեր աջակցել են երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված արդյունավետ համատեղ կարգավորման ներդրմանը։ Այս ամառ կոալիցիան դրական է գնահատել իշխող կուսակցության կողմից խորհրդարան բերված փոփոխությունները, սակայն դրանք անբավարար է համարել առանց երկրորդ փուլի՝ համատեղ կարգավորման արդյունավետ մեխանիզմի,- նշվում է հայտարարության մեջ։ 
 
JAMnews