Ի՞նչն է ավելի վատ՝ ուկրաինական հրթի՞ռը, թե՞ Պուտինի զայրույթը

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱ ԿՍՏԵՂԾՎԻ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ձեռնպահ չի մնա Աբխազիայում գտնվող ռուսական ռազմանավերի վրա հարձակումից։ Կիևից որևէ այլ արձագանք դժվար էր ակնկալել։ Սակայն Օչամչիրա նավահանգստում Սևծովյան նավատորմի բազայի տեղակայմանը աբխազական իշխանությունների համաձայնությունը նույնպես միակ հնարավոր տարբերակն էր։ Որովհետև Աբխազիան Ռուսաստանից բացի այլ դաշնակից, պաշտպան և դոնոր չունի։
 
- Այստեղ շատ կարևոր է մեր դաշնակցի դիրքորոշումը։ Այս հարցում մենք գործում ենք միասնական ճակատով։ Խաղաղության և պատերազմի հարցերն այն հարցերն են, որոնք երբեք դուրս չեն գալիս մեր երկկողմ շփումների օրակարգից։ Ուստի ռազմածովային նյութատեխնիկական բազան կտեղակայվի Օչամչիրայի նավահանգստում, քանի որ դա համապատասխանում է մեր շահերին, -  ասել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան անցյալ շաբաթ, այսինքն՝ Զելենսկու սպառնալիքներից առաջ։
 
Չեմ կարծում, որ Սուխումը չի հաշվարկել Կիևի արձագանքը։ Հանրապետության ղեկավարությունը հստակ հասկանում էր, որ Աբխազիայի ափերի մոտ ռուսական ռազմական նավատորմի հայտնվելով առաջանում է իրական վտանգ, որ Օչամչիրան կդառնա թիրախ՝ առնվազն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար։ Բայց Աբխազիայի իշխանություններն այլ կերպ վարվել չէին կարող։
 
Այո, իհարկե, Ասլան Բժանիան «ոչ» ասելու հիպոթետիկ հնարավորություն ուներ։ Ավելին, անձամբ Վլադիմիր Պուտինի աչքերի մեջ նայելով՝ հոկտեմբերի սկզբին Սոչիում կայացած իրենց հանդիպման ժամանակ։ Բայց ներկա իրավիճակում դա նրա շուրթերից կհնչեր որպես կատարյալ հիմարություն և կունենար շատ լուրջ հետևանքներ։
 
Ի՞նչն է ավելի վատ՝ վտա՞նգը, որ ժամանակ առ ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թռչելու կամ լողալու են դեպի Օչամչիրա, թե՞ այն, որ Կրեմլը երես է թեքելու Աբխազիայից:
 
Եթե Աբխազիան մերժեր Ռուսաստանին, ապա լավագույն դեպքում կզրկվեր ֆինանսական աջակցությունից, միաժամանակ՝ ռուս զբոսաշրջիկներից։ Դա աղետ կլիներ հանրապետության համար։
 
Եվ ես նույնիսկ չեմ ուզում մտածել, թե ինչ կարող էր լինել վատագույն դեպքում․ գլոբալ փոթորիկի պայմաններում Աբխազիայի հետ կարող էր պատահել ինչ ասես (ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղում):
 
Մի խոսքով՝ Ասլան Բժանիան չէր կարող մերժել Պուտինին, եթե նույնիսկ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ամեն օր ռմբակոծեին Օչամչիրան։
 
Ինալ Հաշիգ
JAMnews