Ծնողները Ղարիբաշվիլիին նվիրել են 66,5 հազար դոլար

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրացրել է ունեցվածքի հայտարարագիր, որում արտացոլված են նրա՝ վերջին տարվա եկամուտներն ու ծախսերը։
 
Փաստաթղթում երևում է, որ նախորդ տարի վարչապետը ծնողներից 180 հազար լարի [մոտ 66,5 հազար դոլար] է նվեր ստացել։
 
Սա առաջին դեպքը չէ, երբ թոշակառու ծնողներն իրենց վարչապետ որդուն մեծ գումար են տալիս։ 2020 և 2021 թվականների հայտարարագրերի համաձայն՝ այդ ընթացքում Ղարիբաշվիլիի ծնողները նրան նվիրել են ընդհանուր 150 հազար լարի [մոտ 55 հազար դոլար]։
 
Ստացվում է՝ միայն վերջին երեք տարիների ընթացքում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ծնողներից 480 հազար լարի [մոտ 177 հազար դոլար] է նվեր ստացել։
 
Ո՞վ է վարչապետի հայրը և որտեղի՞ց նրան այդքան գումար
 
Վարչապետի հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, գործազուրկ թոշակառու է, ով պաշտոնապես բիզնես չունի, թեև իր հայրենի Դեդոպլիստսկարոյում ունի հսկայական տուն և ընդհանուր 4,5 հեկտար հողատարածք։
 
Ռեեստրում առկա տվյալների համաձայն՝ Տարիել Ղարիբաշվիլին սկսել է հող գնել 2014 թվականին՝ նրա որդու վարչապետ դառնալուց հետո։ Մինչ այդ, այսինքն՝ մինչև 2012 թվականը, Ղարիբաշվիլիի հայրը զբաղեցրել է գյուղի հոգաբարձուներից մեկի պաշտոնը և ունեցել է միայն ընտանիքի տունն ու հողատարածքը։ Այդ մասին նշվում է «Մտավարի» հեռուստաընկերության իրականացրած հետաքննությունում։
 
Միակ բիզնեսը, որը ներկայումս գրանցված է Ղարիբաշվիլիի հոր անունով, 50 տոկոս բաժնետոմսն է «Վրացական արմատներ» ՍՊԸ-ում։ Հանրային ռեեստրի քաղվածքներից պարզ է դառնում, որ Տարիել Ղարիբաշվիլին գինեգործական այս ընկերության բաժնետոմսերը գնել է 2023 թվականի փետրվարի 7-ին 200 հազար լարիով [մոտ 74 հազար դոլար]։ Այսինքն՝ մինչ այդ, այն տարիներին, երբ Տարիել Ղարիբաշվիլին որդուն տվել է 300 հազար լարի [մոտ 111 հազար դոլար], նա պաշտոնապես ոչ մի բիզնեսի սեփականատեր չի եղել։
 
Տարիել Ղարիբաշվիլին որդուն ոչ միայն խոշոր գումարներ է տալիս, այլ նաև ուրիշ նվերներ։ Համենայն դեպս դա պաշտոնական վարկածն է։ Սեպտեմբերի սկզբին լրագրողներին հայտնի դարձավ, որ վարչապետը կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով՝ ընտանիքի տեղափոխության համար։
 
2023 թվականի օգոստոսին կառավարական ինքնաթիռով Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Թբիլիսիից Մյունխեն և Մյունխենից Թբիլիսի ուղևորությունն արժեցել է 34 հազար եվրո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ գումարը վճարել է վարչապետի հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին։
 
Այդ ժամանակ վարչապետը լրագրողներին բացատրել էր, թե ինքն ապահովված ընտանիքից է, որը երբեք ֆինանսական խնդիրներ չի ունեցել։
 
Սակայն համացանցում կա Տարիել Ղարիբաշվիլիի՝ 2013 թվականի հարցազրույցը, որը նա տվել է ambebi.ge-ին որդու՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Տարիել Ղարիբաշվիլին այդ հարցազրույցում հիշեցրել է, որ ընկերների հավաքած գումարով է որդուն ուղարկել Ֆրանսիա՝ սովորելու, իսկ Ֆրանսիայում գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին ֆինանսապես օգնել է ընտանիքին՝ աշխատելով որպես մատուցող։
 
Տարիել Ղարիբաշվիլին նույնն ասել է նաև ինը տարի առաջ Նինո Ջգարկավային տված հարցազրույցում։
 
«Մտավարի»-ի սյուժեից հայտնի է դառնում, որ թոշակառու Տարիել Ղարիբաշվիլիի կալվածքի տարածքը հայրենի Խորնաբուժա գյուղում տարեցտարի ընդլայնվում է։ Փաստաթղթերի համաձայն՝ մեկ տարի առաջ վարչապետի հայրը գնել է հարևանի տունը և այժմ այնտեղ նոր շենք է կառուցում։
 
«Ղարիբաշվիլիի ընտանիքի՝ տների, բակի և լողավազանի կառուցման համար ծախսած գումարի մոտավոր գնահատականը զգալիորեն գերազանցում է ոչ միայն Տարիել Ղարիբաշվիլիի թոշակը, այլև այն եկամուտը, որը վարչապետը ստանում է աշխատավարձի տեսքով»,- ասված է լրագրողական հետաքննությունում։
 
Ղարիբաշվիլիի ունեցվածքը՝ ըստ գործող հայտարարագրի
 
Ինչ վերաբերում է վարչապետի մյուս գույքին, որն արտացոլված է հայտարարագրում։
 
Պարզվում է, որ անցյալ տարի Ղարիբաշվիլին որպես աշխատավարձ ստացել է 41 հազար լարի [մոտ 15 հազար դոլար]։ Համեմատության համար նշենք, որ սա գրեթե երկու անգամ գերազանցում է շարքային նախարարների աշխատավարձը։
 
Հայտարարագրում վարչապետը նշում է, որ խնայած կանխիկ գումար ունի՝ 40 հազար լարի [մոտ 14,7 հազար դոլար]։ Նա նաև իր բանկային հաշիվների վրա ունի 23 հազար լարի [մոտ 8,5 հազար դոլար]։ Վարչապետի կինը՝ Նունու Թամազաշվիլին, իր բանկային հաշիվների վրա ունի մինչև 100 հազար լարի [մոտ 37 հազար դոլար]։
 
Վարչապետի ընտանիքը նախորդ տարի նոր գույք է ձեռք բերել՝ Բորժոմիի մունիցիպալիտետում գնել են 1530 քմ մակերեսով հողատարածք և դրա վրա գտնվող տուն՝ 402 քմ մակերեսով, ինչի համար վճարել են 76,5 հազար դոլար։
 
Վարչապետի ընտանիքը երեխաների կրթության վրա ծախսել է 58 հազար լարի [մոտ 21,5 հազար դոլար], իսկ Իրակլի Ղարիբաշվիլիի գործուղման ծախսերը կազմել են 8868 դոլար։
 
JAMnews․ Թբիլիսի