«Նախքան անհետանալը ռուս ակտիվիստ Շեպելևը եղել է վրաց-օսական հակամարտության գոտում»․ ՆԳՆ

ՌԱՖԱՅԵԼ ՇԵՊԵԼԵՎԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիից անհետացած ռուս ակտիվիստ Ռաֆայել Շեպելևին անհետանալու օրը՝ հոկտեմբերի 12-ին, նկատել են վրաց-օսական հակամարտության գոտում գտնվող Կիրբալի գյուղում։ Ականատեսների վկայությամբ՝ նա այնտեղ է հասել տաքսիով և փնտրել է Լոմիսի եկեղեցին։
 
Հաջորդ օրը Շեպելևը հայտնվել է ռուսական քննչական մեկուսարանում։
 
Mediazona-ի տեղեկություններով՝ Ռաֆայել Շեպելևը հոկտեմբերի 12-ին գործով դուրս է եկել վարձակալած բնակարանից և չի վերադարձել։ Նրա իրերը մնացել են տանը։
 
Շեպելևի անհետացումից մեկ օր անց՝ հոկտեմբերի 13-ին, Վլադիկավկազի (Հյուսիսային Օսիա) Սովետսկի շրջանային դատարանը իր կայքում հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Ռաֆայել Շեպելևը 15 օրով ձերբակալվել է մանր խուլիգանության մեղադրանքով։ Իսկ ավելի ուշ, ինչպես գրում է Mediazona-ն, նրան ուղարկել են քննչական մեկուսարան՝ ահաբեկչության մեղադրանքով։
 
Ակտիվիստի համախոհներն ու ընկերները պնդում են, որ նա Ռուսաստան վերադառնալու մտադրություն չի ունեցել և երբեք դա չէր անի իր նախաձեռնությամբ, քանի որ այնտեղ նրա դեմ հարուցված քրեական գործ կա։
 
Վրաստանի ՆԳՆ-ից ռուսական «Ազատ Ռուսաստան» իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել են, որ հոկտեմբերի 12-ին Շեպելևը տաքսիով ժամանել է հակամարտության գոտում գտնվող Կիրբալի գյուղ, և ակտիվիստի տեղաշարժերը հաստատվել են տեսահսկման սարքերի ձայնագրություններով, ինչպես նաև տաքսու վարորդի ու գյուղի բնակիչների տված ցուցմունքներով։
 
Ականատեսները Ոստիկանությանը պատմել են, որ Շեպելևը գյուղում փնտրում էր եկեղեցի, որտեղ գտնվում են «ռուսները»։ ՆԳՆ վարկածի համաձայն՝ հենց հակամարտության գոտին վերահսկող ռուս սահմանապահներն են ակտիվիստին հասցրել Հյուսիսային Օսիա, այսինքն՝ Ռուսաստանի տարածք։
 
 
Նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղում ռուս սահմանապահները գնդակահարել էին Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին և ձերբակալել մեկ այլ անձի։ Գինտուրին և նրան ուղեկցողները փորձել էին թափանցել տեղի սրբավայր՝ Սուրբ Գեորգի Լոմիսի եկեղեցի։ Դրա մուտքն արգելափակված է ռուս զինվորականների կողմից, որոնք Կիրբալիի տարածքն անվանում են «Հարավային Օսիայի պետական սահման» և տեղի բնակչությանը թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել այնտեղ։
 
Ռաֆայել Շեպելևը Եկատերինբուրգի բնակիչ է։ Նա Ռուսաստանում արգելված «Արտպոդգոտովկա» ծայրահեղ ձախ անարխիստական շարժման անդամ էր։ Ռուսաստանում ակտիվիստին հաճախ էին ձերբակալում բողոքի ցույցերին, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնիին աջակցություն հայտնող ակցիաներին մասնակցելու համար։ 2021 թվականից Շեպելևը բնակվում է Վրաստանում։
 
Ակտիվիստի որդին՝ Դանիիլ Շեպելևը, որն ապրում է Ռուսաստանում, Mediazona-ին պատմել է, որ 2023 թվականի մայիսին քննիչը եկել է իր տուն և հարցրել հոր գտնվելու վայրի մասին։
 
- Նրանք ինձ հարցրեցին՝ գիտե՞մ, թե որտեղ է նա, ինչ է անում, ինչ է պատրաստվում անել, ուր է գնալու, ինչ տեսանյութեր է հրապարակում [սոցցանցերում]: Ինչպես հասկացա քննիչի խոսքերից, նա իր էջում հրապարակել է ինչ-որ մի տեսանյութ, և դրա համար նրա դեմ գործ է հարուցվել։ Ինձ հարցրին՝ տեսե՞լ եմ այդ տեսանյութը և համաձա՞յն եմ դրա բովանդակության հետ,- նշել է Դանիիլ Շեպելևը։
 
Ակտիվիստի որդին ասում է, որ խոսք էր գնում «ահաբեկչության» մասին։ Քննիչը չի հստակեցրել՝ որ տեսանյութն է գործի հարուցման պատճառ դարձել, սակայն ասել է, որ այն պարունակում է զինկոմիսարիատներն այրելու կոչ։
 
Ռուսական ««Առաջին բաժին» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ «սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական անարխիստական կազմակերպության անդամները անհետանում են տարբեր երկրներից, որտեղ թաքնվում էին, իսկ հետո հայտնվում են Ռուսաստանի քննչական մեկուսարաններում»:
 
Այսպես, հոկտեմբերին Ղրղզստանում առևանգվել է «Ձախ դաշինքի» ակտիվիստ Լև Սկորյակինը։ Ավելի ուշ Սկորյակինին հայտնաբերել են Մոսկվայի Բուտիրկայի բանտում։ Իրավապաշտպանների խոսքով՝ առևանգումից հետո նա խոշտանգումների էր ենթարկվել։
 
JAMnews․ Թբիլիսի