«Ավետյաց երկրի» հովերով

ԽԱՇՆԱՐԱԾԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Երբ աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեին հարցել են՝ Արցախում համերգ տալու համար Ադրբեջան ձեր մուտքն արգելվել է, ի՞նչ եք անելու, նա պատասխանում է, թե ինքն ամբողջ կյանքն ապրել է առանց այդ երկիրը ոտք դնելու և դրա կարիքը չունի:Այսպիսի մտածողությունն էլ է կաթիլ, որը կարող է Ադրբեջանի իշխանությունների սնապարծության ու ինքնասիրահարվածության քարը ծակել: Եվ ինչքան շուտ, այնքան լավ թե՛ իրենց, թե՛ աշխարհի համար:
 

Ադրբեջանական «սև ցուցակի» հունձքն այս տարի առատ է: Կատակ չէ՝ Արցախում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ միջազգային դիտորդներ են ներկա եղել, իսկ բլոգեր Լապշինի կալանավորմանն ի պատասխան երեք տասնյակ լրագրողներ այնտեղ համաժողով են գումարել, բազմաթիվ հրապարակումներ արել: Եվ քանի որ նրանցից ոչ մեկն այնքան «քաղաքական հասունություն» չի ունեցել, որպեսզի Ադրբեջանից թույլտվություն վերցնի ու նոր միայն այցելի նրա վերահսկողությունից դուրս գտնվող երկրամասը:

«Տերը» շա˜տ է բարկացել: Ու որպես ցասումի արտահայտություն՝ բոլորին սև ցուցակ է գցել:

Լրատվամիջոցները երեկ տեղեկացրել են, որ Ադրբեջանի փայփայած «սև ցուցակը» թարմացվել է և 50 էջ ծավալով հրապարակվել: 668 մարդ է ընդգրկվել նոր ցուցակում, որի «պատվավոր» 21-րդ հորիզոնականը նույն Ալեքսանդր Լապշինն է զբաղեցնում:

Ադրբեջանի «սև ցուցակում» ամենաշատը ՌԴ քաղաքացիներ են՝ 162, գերմանացիներից 61-ն է այդ բախտին արժանացել, իտալացիներից՝ 47-ը, ԱՄՆ քաղաքացիներից՝ 44-ը, ֆրանսիացիներից՝ 40-ը:

Երևում է՝ Ադրբեջանի իշխանությունները մի ասացվածք լավ են սովորել՝ կաթիլը քար է ծակում: Մտածում են՝ իրենց ցուցակները թարմացնելով ու վերահրատարակելով՝ կամ մարդկանց կստիպեն իրենց հետ հաշվի նստել, կամ թույլ չեն տա, որ Արցախ այցելելով՝ ճանաչեն ու սիրեն: Բայց մոռանում են, որ ամեն մեդալ երկու երես է ունենում:

Երևում է՝ իրենք Ադրբեջանը Ավետյաց երկրի տեղ են դրել ու մտածում են, թե մահկանացուի համար ի՞նչը կարող է ավելի երանելի լինել, քան այնտեղ այցելելը: Մինչդեռ «սև ցուցակի» դեմքերից շատերն իրենց անունը տեսնելով՝ արհամարհանքով ժպտում են: