Ղազախստանն Ադրբեջանի հուսալի դաշնակիցն է

ՏՈԿԱԵՎԸ ԿՐԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԼԻԵՎԻՆ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Բաքու և Բարձրագույն միջպետական խորհրդի առաջին հանդիպումը պատմական նշանակություն ունեն, որի արդյունքները մեծապես կորոշեն երկու երկրների հարաբերությունների ապագա օրակարգը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
- Ղազախստանն ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են։ Վերջին շրջանում մեր փոխայցելությունների դինամիկան շատ պատկերավոր է և վկայում է այն մասին, որ հարաբերություններին նոր դինամիկա է տրվել։ Ես երախտագիտություն հայտնեցի Ղազախստանի նախագահին՝ Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական օգնության համար։ Ֆիզուլի քաղաքի «Կուրմանքազի» մանկական ստեղծագործական կենտրոնը ղազախ ժողովրդի նվերն է ադրբեջանական ժողովրդին և նախագահ Տոկաևի նախաձեռնությունն է: Վաղը մենք կբացենք այս կենտրոնը, որը կլինի նաև մեր բարեկամության կենտրոնը։ Մենք շնորհակալ ենք Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման հարցում համերաշխության խոսքերի համար։ Կարծում եմ՝ Ադրբեջանում բոլորը գիտեն, որ Ղազախստանը մեր հուսալի բարեկամն ու դաշնակիցն է,- հայտարարել է Ալիևը։ 
 
Տոկաևն իր հերթին ևս մեկ անգամ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում «համոզիչ հաղթանակի կապակցությամբ»:  Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքները հստակ վկայում են Ադրբեջանի ղեկավարի ռազմավարական կուրսի նկատմամբ բարձր վստահության և ժողովրդի աջակցության մասին։ 
 
- Մենք անկեղծորեն ուրախանում ենք Ադրբեջանի պատմական հաղթանակի և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման համար,- ընդգծել է Ղազախստանի նախագահը՝ խոսելով Բաքվի կողմից Արցախում իրականացրած էթնիկ զտումների ու հայաթափման մասին։ 
 
Նա նաև ասել է, որ Աստանան և Բաքուն համագործակցության բարձր մակարդակ են ցուցադրում և համատեղ աշխատանքի նոր ոլորտներ են զարգացնում։ 
 
Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջպետական խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել են առևտրի, տնտեսական, ներդրումային, նավթի և գազի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների, թվային հաղորդակցության և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման և հումանիտար փոխգործակցության հարցերը։ 
 
Բացի այդ, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության 9 փաստաթուղթ է ստորագրվել։ Դրանց թվում են ադրբեջանական SOCAR-ի և ղազախական «ԿազՄունայԳազ»-ի միջև ստորագրված երկու փաստաթղթերը՝ «Ղազախական նավթի առքուվաճառքի վերաբերյալ ռազմավարական համագործակցության հուշագիրը» և «Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման աստիճանական ավելացման մասին համաձայնագիրը»։ 
 
Աղբյուր՝ ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն