Նաթանյահուն դժգոհ է «միջազգային հանրության մեջ Իսրայելի ընկերներից»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ հանդիմանել է իր երկրի որոշ դաշնակիցներին՝ նրանց «կարճ հիշողություն» համար՝ նկատի ունենալով 2023 թ․ հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Նա նաևասել է, որ Իսրայելը կշարունակի իր հարձակումը Գազայում՝ չնայած աճող միջազգային ճնշմանը, հաղորդում է Times of Israel-ը:
 
Դիմելով «միջազգային հանրության մեջ Իսրայելի ընկերներին»՝ Նաթանյահուն հայտարարել է. «Մի՞թե այդքան կարճ հիշողություն ունեք։ Մի՞թե այդքան արագ մոռացաք հոկտեմբերի 7-ը՝ Հոլոքոստի ժամանակներից հետո հրեաների դեմ կատարված ամենասարսափելի ջարդը։ Դուք այդքան արագ պատրաստ եք Իսրայելին մերժե՞լ ՀԱՄԱՍ-ի հրեշներից պաշտպանվելու իրավունքը: Այդքան արա՞գ կորցրեցիք ձեր բարոյական խիղճը»։
 
Նա կոչ է արել միջազգային ճնշումը գործադրել ՀԱՄԱՍ-ի ու Իրանի վրա, ոչ թե Իսրայելի։
 
- Միջազգային ոչ մի ճնշում չի խանգարի մեզ հասնել պատերազմի բոլոր նպատակներին՝ վերացնել ՀԱՄԱՍ-ը, ազատել մեր բոլոր պատանդներին և երաշխավորել, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար, - ասել է Իսրայելի վարչապետը:
 
Հիշեցնենք, որ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ, իսկ որպես պատասխան Գազայի հատված Իսրայելի ներխուժումից ի վեր զոհվել է ավելի քան 30000 մարդ, որոնց մեծ մասը, ըստ միջազգային կազմակերպությունների, կանայք և երեխաներ են։
 
Սա 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի տարածքում առաջին ուղիղ հակամարտությունն է։ Ռազմական գործողությունները սկսվել են վաղ առավոտյան՝ Իսրայելի դեմ հրթիռակոծմամբ և տրանսպորտային միջոցների ներխուժմամբ Իսրայելի տարածք, մի շարք հարձակումներ են իրականացվել իսրայելական բնակավայրերի և իսրայելական զինվորականների վրա։ Որոշ մասնագետներ այս իրադարձություններն անվանում են պաղեստինյան երրորդ ինթիֆադա (դիմադրական շարժում)։