Ուկրաինայում ՌԴ ագրեսիայի հարցում Մակրոնն աղավնուց բազեի է վերածվել․ ի՞նչ սպասել

ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

Ի՞նչը ստիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ռուսաստանի և Ուկրաինայում նրա ագրեսիայի առնչությամբ հանդարտեցնողից դառնալ պատերազմի կողմնակից, և արդյոք մնացած՝ «հին» Եվրոպան կհետևի այս նոր միտումին: Այս հարցերն է հնչեցնում Փարիզում BBC-ի սյունակագիր Հյու Շոֆիլդը և առաջարկում իրադարձությունների զարգացման իր տարբերակը:
 
Հենց այս հարցն է, որ տալիս են այսօր Եվրոպայում գտնվող գրասենյակներում այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահը խանդավառությամբ հայտարարեց իր նոր դերի մասին՝ որպես Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ եվրոպական տարածքում:
 
Որոշ եվրոպական երկրներ, հատկապես Բալթյան երկրները և Լեհաստանը, ողջունում են նախագահ Մակրոնի առաջարկը, այն է՝ «իրատեսորեն գնահատել Մոսկվայից եկող սպառնալիքները»:
 
Մյուսները, հատկապես Գերմանիան և նրա կանցլեր Օլաֆ Շոլցը, բավականին ապշած են Ֆրանսիայի դիրքորոշման հանկարծակի փոփոխությունից:
 
Բոլորը շփոթված են։ Օրերս Մակրոնը ևս մեկ անգամ հաստատել է, որ իսկապես պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա։ Որքանո՞վ է անկեղծ այս նոր գիծը։
 
Երկու հիմնական ենթադրություն կա.
 
● Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական խիզախության անհագ կարիքը,
 
● Ներքաղաքական պատճառներն ու նոր դիրքավորումը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ։
 
Եվրոպական ընտրությունների մոտենալուն պես՝ ծայրահեղ աջ Մարին Լը Պենը և Ջորդան Բարդելլան կարծես պատրաստ են ջախջախել մակրոնիտներին: Արդյո՞ք Էմանուել Մակրոնն օգտագործում է Ուկրաինան՝ ընդդիմությունից հստակ տարբերություն ներկայացնող գիծ ստեղծելու համար:
 
Հնարավոր է՝ նա փորձում է ընտրողներին հստակ հակադրություն ներկայացնել. ինքը եվրոպական արժեքների համար մարտնչողն է, մինչդեռ Մարին Լը Պենը անցյալում մշուշոտ հարաբերություններ է ունեցել Մոսկվայի հետ:
 
Իր հանրային կերպարում Մակրոնն ամենևին չի ամաչում աղավնուց բազե իր հանկարծակի «վերափոխումից»: Ավելին, նա նշում է, որ մեկը անխուսափելիորեն պետք է նախորդեր մյուսին։
 
- Միայն այն բանից հետո, երբ սպառվեն թշնամու հետ կապ հաստատելու բոլոր ջանքերը, կարելի է վստահաբար հայտարարել, որ այս թշնամին չի դասվում նրանց շարքին, որոնց անվանում են «պարկեշտ մարդիկ, - ասել է Էմանուել Մակրոնը տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
 
- Ռուսները բոլորովին նոր մակարդակի են հասցրել ագրեսիան,- հայտարարել է նա։
 
Ֆրանսիայի նախագահն ասում է՝ Կրեմլը «զգալիորեն ավելի կոշտ է դարձել» վերջին ամիսներին, և վկայակոչում հետևյալ փաստարկները.
 
● Ռուսաստանի ողջ տնտեսությունը դրվել է պատերազմի ռելսերի վրա։
 
● Ներքին ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները կտրուկ աճում են։
 
● Ֆրանսիայի և այլ երկրների վրա կիբերհարձակումները սրվում են։
 
● Ուկրաինան ավելի ու ավելի պաշարված է թվում, իսկ Միացյալ Նահանգներն այլևս հուսալի դաշնակից չէ:
 
- Եվրոպան մտնում է նոր աշխարհ։ Սա մի աշխարհ է, որտեղ իրականում տեղի է ունենում այն, ինչ մենք կարծում էինք, թե աներևակայելի էր, - ասել է Մակրոնը:
 
Չերչիլյան կանխամտածված ոճով նա հայտարարում է, որ խաղաղությունը պահպանելու համար Եվրոպան պետք է պատրաստ լինի պատերազմի։
 
Բայց հարց է առաջանում՝ Էմանուել Մակրոնը կարող է համոզել մտածել իր պես, բայց կարո՞ղ է համոզել վարվել իր նման։
 
Մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Ֆրանսիայի առաջնորդի այս խնդիրը՝ (ան)կարողությունը համոզել մյուսներին՝ գնալ իր հետևից։
 
Դրա ամենավառ նշանը կարելի է համարել պառակտումն այն մարդու հետ, ով պետք է լիներ նրա ամենամոտ դաշնակիցը Եվրոպայում՝ Գերմանիայի առաջնորդ Օլաֆ Շոլցի:
 
Ավանդական ֆրանկո-գերմանական ոճով երկու կողմերն էլ այժմ հրապարակայնորեն շտկում են իրավիճակը և փորձում հանրությանը ներկայացնել ընդհանուր ճակատ: Այստեղից էլ առաջ է եկել Մակրոնի անակնկալ այցը Բեռլին՝ մարտի 15-ին։
 
Բայց ոչ մի գրկախառնություն չի կարող թաքցնել հիմնարար անհամաձայնությունները։
 
● Ֆրանսիան Գերմանիային մեղադրում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը ձգձգելու և ամերիկյան անվտանգության հովանոցից կառչելու մեջ։
 
● Գերմանիան Ֆրանսիային մեղադրում է անխոհեմ ռազմատենչության մեջ, իսկ Մակրոնին՝ ներկայացում խաղալու և կեղծավորության մեջ. Ֆրանսիայից Ուկրաինային տրամադրվող օգնությունն իրականում շատ ավելի քիչ է, քան Գերմանիայից:
 
Բայց նույնիսկ Ֆրանսիայի ներսում Ուկրաինայի հարցում Էմանուել Մակրոնի նոր դիրքորոշման աջակցությունը այնքան ուժեղ չէ, որքան նա կցանկանար տեսնել։
 
● Ֆրանսիայում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ ճնշող մեծամասնությունը՝ մոտ 68%-ը, դեմ է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու նրա գաղափարին:
 
● Ֆրանսիայում մարդկանց մեծ մասն ակնհայտորեն Ռուսաստանի դեմ է տրամադրված։
 
● Բայց, միևնույն ժամանակ, Ifop-ի հարցման արդյունքներն ասում են, որ «Ուկրաինային աջակցելու ցանկությունը շարունակում է նվազել»։
 
● Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս նաև, որ շարունակում է աճել աջակցությունը աջերին և Մարին Լը Պենին։
 
Մակրոնը մեկ գիշերվա ընթացքում վերածվեց Ռուսաստանի դեմ միասնական ճակատի ստեղծման կողմնակիցների եվրոպական առաջնորդի: Նա եվրոպացիներին հիշեցնում է, որ նրանք պետք է լրջորեն մտածեն իրենց անվտանգության և այն մասին, որ իրենք կարող են վերածվել զոհերի։ Եվ սա կարևոր ու անհրաժեշտ դեր է։
 
Բայց խնդիրն այն է, որ շատ եվրոպացիներ ամաչում են, որ Ֆրանսիայի նախագահը շատ հեշտությամբ խառնում է այն, ինչ լավ է Եվրոպայի և միջազգային խաղաղության համար, այն բանի հետ, ինչ լավ է Ֆրանսիայի կամ հենց իր համար:
Աղբյուր՝ JAMnews