Ադրբեջանը դարձել է հակաԻրան

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Քաղաքագիտության մեջ ընդունված է համարել, որ ազգերն առաջացել են 19-րդ դարում: Այդ ժամանակվանից ի վեր հայկական լեզվամտածողությունը իմաստային նույն հարթության վրա է դիտարկում «էթնոս»՝ ազգություն, և «ազգ» հասկացությունները: Հանրային խոսույթում այդ երկու բառեզրերի նույնիմաստ ընկալումը հաճախ ճշգրիտ քաղաքական իմաստներ ձևակերպելու դժվարություններ է հարուցում:
 
Ազգը քաղաքական կատեգորիա է և ենթադրում է միջազգայնորեն ճանաչված ու քաղաքական հաստատություններ (ինստիտուտներ) ունեցող երկրի քաղաքացիների ինքնություն: Օրինակ՝ Իրանի ադրբեջանցիները, քրդերը, բելուջները մեկ ազգ են՝ իրանացի, սակայն տարբեր ազգություններ: Սա դասական սահմանում է, բայց այլ հարց է, թե որքանով են, օրինակ, հիշյալ ազգություններն ինտեգրված Իրանում և որքանով են իրենց քաղաքականապես իրանացի համարում:
 
Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում ինտեգրումն ավելի ամբողջական է՝ ի տարբերություն Իրանի, որտեղ ինտեգրումը շիա-իսլամական գաղափարախոսության վրա է կառուցված, ինչը խնդիր է ստեղծում սունի մահմեդականների շրջանում, մինչդեռ նույն Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ազգային ինքնագիտակցությունը հիմնված է քաղաքացիական արժեքների, իրավունքների ու պարտականությանների վրա: Սա շատ կարևոր է՝ հասկանալու, թե հնարավոր ինչ առճակատումներ կարող են լինել մեր տարածագոտում, մասնավորապես՝ Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության դրսեւորումների հենքին, որոնց մասին կարելի է ամեն օր մամուլում հրատապ լուրեր գտնել:
 
Այս առումով որոշակի նմանություններ ենք տեսնում ինչպես Ուկրաինա-Ադրբեջան մերձեցման փորձերում, այնպես էլ՝ զուգահեռներ ռուս-ուկրաինական պատերազմի ու ադրբեջանա-իրանական լարվածության համընթաց զարգացումներում: Ուկրաինայի և Ադրբեջանի պետական քաղաքականությունը հիմնված է ազգայնականության վրա՝ ծայրահեղ դրսևորումներով, երբեմն էլ՝ ատելության քարոզի վրա։ Պատահական չէ, որ Ուկրաինայում մեծ ցնծությամբ ընդունեցին Արցախի վերջին պատերազմի արդյունքները՝ համարելով, որ դա իրենց համար ճանապարհ է հարթում նույնկերպ լուծելու սեփական հիմնախնդիրը:
 
Կան նաև գաղափարական նմանություններ: Եթե Ուկրաինան գտնում է, որ ռուսական պետականությունը ծնվել է Ուկրաինայում՝ Կիևում, ապա Ադրբեջանում էլ համոզված են, որ թյուրքերն են միավորել Իրանը՝ 7-րդ դարում արաբական արշավանքներից հետո փլուզված պատմական Իրանի ավերակների վրա, իսկ դրանից առաջ այնտեղ, իբրև թե, թյուրքական ցեղախմբերն էին տիրապետում: Այսինքն՝ ուզում են իրենք իրենց և այլոց հավատացնել, թե թյուրքերն Իրանում պետականաստեղծ էթնոս են, և չի բացառվում, որ ապագայում հավակնություններ կունենան Իրանի ադրբեջանաբնակ նահանգների նկատմամբ:
 
Միանգամայն այլ են Ռուսաստանի ու Իրանի պետականաշինության հիմքերը: Երկուսն էլ բազմազգ իմպերիաներ են (կայսրություն բառն այստեղ, կարծես թե, չի բացում իմպերիա բառեզրի խորքը-խմբ.), այնինչ Ադրբեջանն ու Ուկրաինան ազգայնամոլության տիպարներ են։ Ուկրաինան բնույթով հակաՌուսաստան է, Ադրբեջանը՝ հակաԻրան։ Դրանք անհամատեղելիության հիմունքով հակամարտություններ են մի կողմից՝ իմպերիաների, մյուս կողմից՝ ազգայնական նախագծերի միջև:
 
Այսպիսով՝ կարելի է կանխատեսել, որ ինչպես երկար տարիների ընթացքում ռուս-ուկրաինական հակասությունները գնալով խորանում ու շիկանում էին, ինչը, ի վերջո, հանգեցրեց պատերազմի, նույնկերպ կարող է ընթանալ նաև ադրբեջանա-իրանական կողմերի սրացումը, որոնց պետականության ստեղծման առանցքներն իրարամերժ են և փոխբացասող: