Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն անամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր»
 
Մի քանի տասնամյակ շարունակ Իսրայելն ու Թուրքիան մեղրամսի մեջ էին` քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերելով միմյանց:
 
Սակայն, տարիների ընթացքում նրանց հարաբերությունները սրվեցին պաղեստինյան հարցերի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումների պատճառով: Մի քանի անգամ Իսրայելը և Թուրքիան նման հակամարտությունների պատճառով հետ կանչեցին իրենց դեսպաններին միմյանց մայրաքաղաքներից, սակայն նրանց կրկին վերականգնելու համար:
Այլ կերպ ասած, բազմիցս վիճել և հաշտվել են։
 
Բոլորս էլ գիտենք հետևյալ արտահայտությունը՝ «Քաղաքականությունը տարօրինակ կողակիցներ է ստեղծում»։ Իսրայելն ու Թուրքիան այդ տարօրինակ քաղաքական զույգերից են: Ի սկզբանե նրանց գործընկերության մեջ կար որոշակի հիմք, որն ավելի ճիշտ կարելի է անվանել փոխադարձ շահագործում։ Իսրայելը, շրջապատված մեծ թվով թշնամական արաբական երկրներով, Թուրքիայի կարիքն ուներ որպես իր քաղաքական և տնտեսական դաշնակից և իսլամական պետություն, որը 1949 թվականին դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Իսրայելի հետ: Մինչդեռ Թուրքիան Իսրայելի կարիքն ուներ տարբեր պատճառներով, ներառյալ Արևմուտքի քաղաքական աջակցությունը, առաջադեմ զենքի ձեռքբերումը և միլիարդավոր դոլարների առևտուրը:
 
Այս կեղտոտ դաշինքի մեկ այլ կողմն այն էր, որ երկու երկրներն էլ ժխտում էին Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան օգտագործեց Իսրայելի հետ իր հարաբերությունները՝ համոզելու ԱՄՆ հզոր հրեական լոբբիին՝ արգելափակել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիան ճնշում գործադրեց Իսրայելի վրա՝ արգելափակելու Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսը Թել Ավիվում 1982 թվականին, և կանխելու Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի հեռարձակումն ու Կնեսետի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիան այնքան հեռուն գնաց, որ սպառնաց իր ներքին հրեական համայնքին և պահանջեց Ստամբուլի գլխավոր ռաբբիից Թուրքիայի անունից լոբբինգ իրականացնել ամերիկյան հրեական կազմակերպություններում:
 
2009 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում, համաշխարհային ղեկավարների ներկայությամբ, Էրդողանն ասաց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին. «Ես շատ լավ գիտեմ, թե դուք ինչպես եք սպանել երեխաներին [Գազայի] լողափերում»։
 
Այնուհետև 2010 թվականին տեղի ունեցավ «Մավի Մարմարայի» միջադեպը, երբ իսրայելական զինված ուժերը հարձակվեցին Միջերկրական ծովում վեց թուրքական քաղաքացիական նավերի վրա, որոնք փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Գազա, սպանելով ինը թուրք ուղևորների: Այդ հարձակումը լրջորեն վատթարացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին և արտաքսեց Իսրայելի դեսպանին Անկարայից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն խնդրեց  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և 20 միլիոն դոլար հատուցում վճարեց հարձակման համար։
 
2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից կարճ ժամանակ առաջ, իսրայելցի մաքսավորները առգրավեցին հրթիռների պատրաստման համար նախատեսված 16 տոննա պայթուցիկ նյութերը, որոնք թաքցված էին Գազայի համար նախատեսված թուրքական շինարարական բեռների մեջ: Զարմանալի է, որ Իսրայելը ոչ մի քայլ չձեռնարկեց Թուրքիայի դեմ: Սա ևս մեկ օրինակ էր, թե ինչպես է Իսրայելը մեղմում Թուրքիայի հակաիսրայելական գործողությունները։ Փոխանակ Թուրքիային անվանելու ահաբեկչությունը հովանավորող պետություն, Իսրայելի ղեկավարները փայփայեցին Էրդողանին՝ խրախուսելով նրան շարունակել իր չարագործությունները:
 
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումից հետո Էրդողանը ՀԱՄԱՍ-ն անվանեց «ազատության մարտիկներ», իսկ Նեթանյահուին նմանեցրեց «Հիտլերին, Մուսոլինին և Ստալինին՝ այսօրվա նացիստներին»:
 
2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարարը թվիթերում գրեց. «Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսուն է։ Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե կործանում»։
 
Անցյալ շաբաթ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կանչել էր Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին՝ բողոքելու Էրդողանի այն հայտարարության համար, որ նա «Նեթանյահուին կուղարկի Ալլահի մոտ՝ նրա մասին հոգ տանելու, նրան դժբախտացնելու և անիծելու համար»: Կացը պատասխանել է X/Twitter-ում. «Դո՛ւ [Էրդողան], որ աջակցում ես ՀԱՄԱՍ-ի հանցագործների կողմից երեխաների վառելուն, մարդասպաններին, բռնաբարողներին և դիակների խեղմանը, վերջինն ես, որ կարող ես խոսել Աստծո մասին: Չկա Աստված, ով կլսի նրանց, որոնք աջակցում են ՀԱՄԱՍ-ի ձեր բարբարոս ընկերների կողմից իրականացված վայրագություններին ու մարդկության դեմ հանցագործություններին»: Այնուհետև Կացը զգուշացրել է Էրդողանին. «Լռի՛ր և  ամո՛թ քեզ․․․»:
 
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանեց Կացին. Իսրայելն իր ստեղծման օրվանից կառուցվել է «բռնագրավված» պաղեստինյան հողի վրա:
 
«Պաղեստինյան հողերի գրավման առաջին օրվանից Իսրայելի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել պաղեստինցիների դեմ գործած ծանր հանցագործությունները գաղտնի պահելու համար և փորձել են իրենց համար անձեռնմխելիության զրահ ստեղծել։ Նրանք թիրախավորել են մեր նախագահին, որը բղավում է ճշմարտության մասին»։
 
Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց Իսրայելին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ՝ հայտարարելով, որ «ամբողջ համաշխարհային հանրային կարծիքն անհամբեր սպասում է այն օրվան, երբ հանցագործություն կատարած իսրայելցի պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն»։
 
Ավելի վաղ Նեթանյահուն, որն ինքն էլ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քննադատեց Էրդողանին ցեղասպանությունը ժխտելու համար։ Նեթանյահուն իր թվիթերյան էջում գրեց․ «Իսրայելը, որը հավատարիմ է պատերազմի օրենքներին, չի ընդունի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է հայկական Հոլոքոստը, կոտորում քրդերին իր երկրում և վերացնում վարչակարգի հակառակորդներին ու լրագրողներին»:
 
Այնուամենայնիվ, Նեթանյահուն շարունակում է զինել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին արդիական զենքերով, որոնք օգտագործվել են Արցախում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու համար։
 
Եզրափակելով, թե՛ Էրդողանը, և թե՛ Նեթանյահուն պետք է ամաչեն իրենց վեճերում Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը որպես սակարկության առարկա օգտագործելու համար:
Միմյանց կշտամբելու համար ցեղասպանություն եզրույթը որպես մահակ օգտագործելու փոխարեն և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան պետք է վաղուց ճանաչած լինեին Հայոց ցեղասպանությունը, որպեսզի դասվեին քաղաքակիրթ պետությունների շարքին․․․
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի