«ԼԳԲՏՔ քարոզչության դեմ» օրենք Վրաստանում

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Մեկնաբանելով Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» նոր օրինագիծը՝ սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն “Interpressnews”-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ ինքը՝ իշխող «Վրացական երազանք»-ն է ընդունում` այս նախաձեռնությունը հակասում է գործող սահմանադրական չափանիշներին։ Մենաբդեի դիտարկմամբ՝ իշխող թիմը հասարակությանը առաջարկում է տեսլական, որը նույնական է Պուտինի և այլ ավտորիտար առաջնորդների տեսլականի հետ։
 
«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նոր օրենք ընդունելու մտադրության մասին խոսել էր մարտի 25-ին կազմակերպված հատուկ ճեպազրույցի ընթացքում։
 
Նրա խոսքով՝ սահմանադրության մեջ արվող փոփոխությունները հասարակությանը կպաշտպանեն «ԼԳԲՏ քարոզչությունից, կեղծ ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»։
 
Վախուշտի Մենաբդե. «Վրացական երազանքի» նախաձեռնության հետ կապված երեք հարց կա.
 
Արդյո՞ք այն համապատասխանում է մարդու իրավունքների գործող սահմանադրական չ
չափանիշներին:
 
Ո՞րն է այս նախաձեռնության նպատակը։
 
Ինչո՞վ է պայմանավորված այս օրենքն ընդունելու ձգտումը։
 
Առաջին հարցի պատասխանը պարզ է․ «Վրացական երազանքն» ինքն է խոստովանել, որ նախաձեռնությունը հակասում է մարդու իրավունքների գործող սահմանադրական չափանիշներին, երբ խոսում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին։ «Երազանքը» գիտակցում է, որ հակասությունը հիմնական օրենքի հետ այնքան ակնհայտ է, որ այս գաղափարի իրագործման համար անհրաժեշտ է փոխել սահմանադրությունը։
 
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, «Վրացական երազանքը» նախատեսում էր մի կրակոցով երկու նապաստակ խփել։ Մի կողմից՝ ընտրություններից առաջ (Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերին — JAMnews) աջ պահպանողական պրոֆիլն էլ ավելի նկատելի է դարձել։ Այսպիսով, կուսակցությունը ցանկանում է ամբողջությամբ սպառել այս պլանում առկա ընտրական ռեսուրսը։
 
Մյուս կողմից՝ այս նախաձեռնությունը խորացնում է բևեռացումը՝ շահարկում է կեղծ ավանդական արժեքներ և փորձում դրանք վերածել նախընտրական բանավեճի թեմայի, մյուս կուսակցություններին ստիպել որոշակի դիրքորոշում որդեգրել այս թեմայի վերաբերյալ։
 
Միևնույն ժամանակ բանավեճը սահմանադրական մակարդակի հասցնելը նույնպես նշանակում է, որ «Վրացական երազանքը» փորձարկում է անում. այս քայլով այն առաջարկում է Վրաստանում հասարակական կարգի տեսլական, որը նույնական է ավտորիտար Պուտինի և այլ ոչ ժողովրդավար առաջնորդների տեսլականի հետ:
 
«Վրացական երազանք»-ը տեսնում է, թե որքան շատ խնդիրներ ունեն Վրաստանի քաղաքացիները։ Նա նաև հասկանում է, որ իր ընտրողներին առաջարկելու ոչինչ չունի դրանց լուծման համար։ Կառավարող թիմը չգիտի, թե ինչպես լուծել իր առջև ծառացած սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական և այլ խնդիրները, ուստի միակ բանը, որ կարող է անել հետևյալն է՝ հորինել խնդիր, որի մասին կխոսեն։
 
Բայց եթե «Վրացական երազանքն» իսկապես մտածում է վրացական ընտանիքի մասին, պետք է հոգա նրա ֆինանսական հզորացման մասին, պետք է ասի, թե ինչպես Վրաստան վերադարձնել հազարավոր ծնողների և նրանց երեխաներին, ինչպես թույլ չտալ, որ երեխաները սովամահ լինեն տանը և դպրոցում։ Բայց փոխարենը նա առաջարկում է քննարկել մտացածին թեմաներ, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում, որոնք հասարակության պառակտումից բացի ոչնչի հանգեցնել չեն կարող»:
 
JAMnews
Թբիլիսի