Պարտությունը շրջադարձային պահ է Էրդողանի համար․ հա՞ որ

ՆԱՅԱԾ, ԹԵ ԻՆՉ ՇՐՋԱԴԱՐՁ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԿԱՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻՈ ՆԱԽԱԳԱՀԸ

Երեկ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ էին, որին մասնակցում էր 36 կուսակցություն:
 
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն ընթացել են զոհերով և անկանխատեսելի արդյունքներով: Ինչպես դեռ ընտրությունների ընթացքում հայտնել էր Anadolu գործակալությունը, արձանագրված միջադեպերի հետևանքով արդեն իսկ կար 2 սպանված, իսկ քրդաբնակ Դիարբեքիր նահանգում քաղաքացիների երկու խումբ փոխհրաձգություն էր սկսել։ Ընտրության շուրջ վեճը արագ վերաճել էր զինված հակամարտության և բախման արդյունքում 12 տուժածներից  մեկը՝ քրդամետ «Ժողովուրդների բարեկամության և ժողովրդավարության» կուսակցության անդամ, մահացել էր:
 
Արևմտյան Բուրսա նահանգում բախման հետևանքով զոհվել է տեղի մեկ բնակիչ, վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։ Կոնֆլիկտի պատճառն այն էր, որ տեղի 32-ամյա բնակիչ Յուսուֆ Յիգիթը ընտրություններում պաշտպանել է գյուղապետի պաշտոնի թեկնածուին այլ տեղական կլանից, թեև այս պաշտոնին հավակնել են նաև նրա երկու հարազատները։
 
Ոմանց համար, թերևս, զարմանալի կամ անպատկերացնելի էր, բայց ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը հերթական պարտությունը գրանցեց Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, ծովափնյա Հաթայում, Անթալիայում և այլ բնակավայրերում:
 
«Փաստինֆո»-ի դիտարկած մի քանի աղբյուրները վկայում են, որ այդպիսինն են նախնական ուսումնասիրություններն՝ ըստ էքզիթփոլի: Թեև տեղական ընտրություններում այս անգամ ամենասկզբունքային 2 քաղաքներում՝ Անկարայում և  Ստամբուլում Էրդողանը փոխել էր իր թեկնածուներին, բայց նրանք ևս ջախջախիչ պարտություն կրեցին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության գործող քաղաքպետերի նկատմամբ:Երկրի հարավ- արևելյան խոշոր քաղաքներում անվերապահ  առաջատար են քրդական «Ժողովուրդների բարեկամության և ժողովրդավարության» կուսակցության թեկնածուները:
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պարտությունը և խոստովանել , որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների։ Իր պարտությունը նա որպես ժողովրդավարության հաղթանակ է ձևակերպել՝ ասելով, թե դա ոչ թե վերջն է իրենց համար, այլ շրջադարձային պահ է, որից պետք է հետևություններ անել։
 
- Մենք անշուշտ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, հիմք ընդունելով, քվեատուփի արդյունքներով ազգի մեզ հղված ուղերձը, - ասել է նա՝ դիմելով ժողովրդին։
 
Էրդողանի վարչակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին կոչերը, որոնք հնչում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցության ձախողումից հետո:
 
Հիշեցնենք, որ գործող նախագահի ժամկետը մինչև 2028 թվականն է։