Միջերկրականը՝ նորօրյա գերեզմանոց

Մերձավոր Արևելքի թեժ ու անապահով կետերից մարդիկ Եվրոպա են հասնում ինչպես ասես՝ կանգ չառնելով ոչ մի անհարմարության և վտանգի առջև: Արդեն 2-3 տարի է՝ ամենամեծ թվով ներգաղթյալներ ու փախստականներ «ավետյաց երկրներ» են ուղևորվում ծովով՝ գերծանրաբեռնված ջրային փոխադրամիջացներին ապավինած: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը Միջերկրական ծովում զոհված մարդկանց վերաբերյալ ահավոր թվեր է հրապարակել:
 
Միայն 2017թ. սկզբին Միջերկրականում 1720 մարդ է զոհվել: Աֆրիկայից Իտալիա ընկած ծովային ուղին ամենավտանգավորն է միգրանտների ու փախստականների համար: Հենց անցած շաբաթ փրկարարներն Իտալիայի ափերին հարող ջրերում շուրջ 9500 միգրանտների են փրկել, 50 միգրանտի էլ մարմիններն են հայտնաբերել:  Անհետ կորած են համարվում տասնյակ միգրանտներ:  
 
Այդ ուղևորափոխադրումներն, իհարկե, անվճար չեն արվում: Գուցե դրանք ուղևորափոխադրում կոչելն էլ է մեծ շքեղություն: Հանուն փողի, գուցե նաև այլ ծածուկ նպատակների սիրույն, մարդկանց նավերն են լցնում՝ երևի ինչպես ուշ միջնադարում Աֆրիկայից ստրուկներին են Ամերիկա հասցրել: Իսկ տեղ հասցնելու համար՝ ոչ մի պատասխանատվությո՞ւն: Ստացվում է՝ մարդիկ իրենց վերջին կոպեկները վճարում են, որպեսզի պատերազմի ու ահաբեկությունների թոհուբոհի մեջ զոհվելու փոխարեն «խաղաղ հանգրվան» գտնեն ծովի հատակի՞ն:
 
Պատերազմները, աղետները, ահաբեկչություններն ու հիվանդությունները քի՞չ են մարդկային կյանքեր խլում. հիմա էլ սա՞: Մինչդեռ թվում էր՝ մեր դարի զոհառատ աղետները օդանավերի կործանման հետևանք են լինում, իսկ նավաբեկությունները վաղուց անցյալում են մնացել: 
 
Ասում են՝ գիտությունն արդեն մահին հաղթել է. մարդու կյանքն անընդհատ երկարաձգելու հնարավորություններ են ստեղծվում: Բայց այդ նույն գիտությունը դեռևս չի գտել մոլեռանդությունից, շահամոլությունից, ատելությունից, թեթևամտությունից ու սնապարծությունից մարդկությանը բուժելու գոնե մեկ դեղատոմս: