Գյուլենի ստվերն Էրդողանին հանգիստ չի տալիս

Ուղիղ մեկ տարի առաջ էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարվեց, որից Էրդողանը լիակատար հաղթանակով դուրս եկավ: Դրանից հետո նա այդ փորձի գլխավոր մեղավոր հայտարարեց Ֆեթուլահ Գյուլենին, և սկսվեց անխանա ձերբակալությունների շարքը: Սկսվեց, սակայն վերջը դեռևս չի երևում:

Հենց երեկ` հուլիսի 10-ին, ոստիկանները շուրջկալ են իրականացրել և 72 մարդ ձերբակալել, որոնց մեծ մասը Medeniyet և Boğaziçi համալսարաններից են: Բնականաբար` նրանք հայտարարվել են Գյուլենի կողմնակիցներ, իսկ ներկայացված մեղադրանքը ByLock հավելվածի օգտագործումն է` որպես կազմակերպության անդամների համար հաղորդագրություններով շփվելու միջոց:

Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:

Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայի ներսում և նրա շուրջը, անշուշտ այդ երկրի իշխանությունների համար մեծ վտանգ է: Որքան էլ նոր սահմանադրությունը Էրդողանին գրեթե անսահմանափակ իշխանություն է տվել, նա ինքնուրույն մտածող ու գործող ամեն անհատի մեջ թշնամի է տեսնում: Ահա և առաջ է գալիս եզրակացությունը` անցած տարի տեղի ունեցած խռովության փորձը լավագույն պատրվակն է` անցանկալի մարդկանց մեջտեղից վերացնելու համար: Մի ձեռքով ահաբեկիչներին հովանավորող Թուրքիան փորձում է մյուս ձեռքով արմատախիլ անել ամեն մի պայծառ միտք, ցանկացած այլընտրանքային գաղափար:
Իհարկե, պատմությունը համարյա թե այլ տեսակի Թուրքիա չի տեսել` այնտեղ ամեն ինչ միշտ ենթակա է եղել թուրք անունով ներկայացող մահմեդական զոռբայի շահին, իսկ բռնությունը նրանց իշխանությունը պահելու միակ միջոցն է եղել ու կա: Թվում է` այս պայմաններում Թուրքիան պետք է արդեն վերածված լիներ հլու-հնազանդ ծառայողների անդեմ բանակի, որն ընդունակ չէ վիճարկել հրամանատարների հրամանները:

Փորձը, սակայն, այլ բան է ցույց տալիս` գնալով մեծանում է այդ երկրի հասարակության մեջ առկա ճեղքվածքը.  մարդիկ սկսում են ծանոթանալ նրա արյունոտ ու թալանչի պատմությանը, «վտանգավոր» հարցեր են բարձրացնում, փորձում են պարզել իրենց իրական ինքնությունը: Հենց միայն թաքնված հայերի` օրեցօր ավելացող վերադարձը դեպի ազգային արմատները, շատ բանի մասին է խոսում: Իսկ քրդերի ինքնավարության` արդեն ամսաթվով որոշված հանրաքվեն ավելի ահեղորեն է սասանում Թուրքիա պետության հիմքերը:

Անկասկած է, որ ձերբակալությունների շարքը նոր թափ կառնի, սակայն դժվար է երևակայել, թե հնարավոր է բազմամիլիոնանոց երկրի բոլոր «խռովարարներին» բանտերում փակել: