Հյուսիսային Կորեան սպառնալիք է դառնում

Իր միջուկային զինանոցով հանդերձ, Հյուսիսային Կորեան իսկական գլխացավանք է դարձել հատկապես Միացյալ Նահանգների համար: Երկու երկրները շարունակում են փոխադարձ սպառնալիքները, իսկ նախապատերազմական իրավիճակը պահպանվում է: ԿԺԴՀ իշխանությունները սպառնացել են անխնա միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի «սրտին»` եթե Կիմ Չեն Ընի վարչակարգի դեմ այնտեղից իրական վտանգ տեսնեն:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է` նման հայտարարություն արվել է այն բանից հետո, երբ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն խոսել է Կիմ Չեն Ընին իր երկրի միջուկային զինանոցից կտրելու անհրաժեշտության մասին: «Դեյլի մեյլը» մեջբերել է Պոմպեոյի խոսքերը.

- Ես հույս ունեմ, որ մենք կգտնենք մի տարբերակ, որի միջոցով վարչակարգին կկտրենք երկրի միջուկային զինանոցից: Ես վստահ եմ, որ Հյուսիսային Կորեայում լավ մարդիկ են ապրում, և նրանց ցանկությունն է, որ նա (Կիմ Չեն Ընը) հեռանա:

Եթե այս խոսքերը մեկնաբանելու լինենք մինչև այժմ աշխարհում կատարված գործընթացների լույսի ներքո, ապա կասկած չկա, որ ԱՄՆ-ը Հեռավոր Արևելքում արաբական գարանան տարբերակ է մտմտում` հուսալով այնտեղ նույնպես հաստատել «կառավարելի քաոսի» իշխանությունը: Սակայն Հյուսիսային Կորեայի «երկաթե վարագույրից» այն կողմ ապստամբության կոչերը դժվար թե նույն հաջողությունն ունենան, իսկ միջուկային զինանոցի առկայությունը հաստատապես զսպիչ հանգամանք է:   

Լրատվական գործակալությունը ԿՀՎ տնօրենի մեկնաբանությունները անվանել է «վերջնագծից անդին» ու նշել, որ Թրամփի վարչախմբի նպատակն ակնհայտ է` Հյուսիսայի Կորեայի վարչակարգի փոփոխություն: Անձի պաշտամունքի ակնհայտ նշաններն արտահայտվել են այդ երկրի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքերում, թե գերագույն առաջնորդի դեմ ուղղված ամենաթեթև գործողության դեպքում «մենք մեր հզոր միջուկային զինանոցով անխնա միջուկային հարված կհասցենք Միացյալ Նահանգների սրտին»: 

Բնականաբար, Հյուսիսային Կորեայի թնջուկը խիստ մտահոգում է հատկապես նրա անմիջական հարևաններին:

Չինաստանի արտգործնախարարությունից երեկ ցանկություն են հայտնել միջուկային վտանգը նվազեցնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ` ընդգծելով պաշտոնական Փհենյանի վրա ներգործուն ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է ԿԺԴՀ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որոշակի երկրների միասնական դիրքորոշմանը:

Միայն թե այսօրինակ միջոցները մինչև այժմ չեն կարողացել մոլորակը զերծ պահել ցնցումներից, ինչպես նաև միջուկային մարտագլխիկների շղթայական պայթյունից  հօդս ցնդելու իրական վտանգից: Միջուկային գերտերություններից յուրաքանչյուրն այդ զինատեսակի առկայությամբ իրեն ապահով է զգում և դեմ է դուրս գալիս դրա արգելմանը: Նրա՞նք են, որ պետք է Հյուսիսային Կորեային զսպեն: Մինչդեռ ԱՄՆ հետախուզությունն արդեն ահազանգում է` եկող տարի Փհենյանը նաև միջմայրցամաքային հրթիռ կունենա: