Էրդողանի կուսակցությունը Եվրոպա է մտնում

ՄԻԱՅՆ ԹԵ ՉԶՐԿՎԻ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻՑ

Էրդողանն ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը: Նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է տարբեր երկրներում ներկայացուցչություններ բացել և թևերն է տարածում Եվրոպայով մեկ: Թիրախավորվել է հատկապես Գերմանիան: Հատուկ ներկայացուցչություն է բացվելու նաև Բաքվում: 
 
Թուրքական լրատվամիջոցները նշել են, թե այդպիսով Թուրքիայի իշխանությունները մտադիր են ամրապնդել արտերկրում ապրող թուրքերի կապը «հայրենիքի հետ»: Այդպիսի դեր կարող էին, օրինակ, հայրենակցական միությունները կատարել, բայց Էրդողանին մի՞թե միայն դա է հարկավոր… 
 
Հայտարարված մեկ այլ նպատակ էլ կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման դեմ պայքարն է: Հիշեցնենք՝ Էրդողանի շրջապատն անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեղավորը Գյուլենին է համարում և ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել նրան:  
 
Ու մինչ Էրդողանն իր կուսակցության գրասենյակներով փորձում է անմիջական ներգործություն ունենալ հատկապես Գերմանիայի թուրքերի վրա: Պաշտոնական Բեռլինն էլ իր հերթին է քայլեր ձեռնարկում. Գերմանիայի կառավարությունը Եվրամիությունից պահանջել է ֆինանսական ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
 
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և Եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին հասցեագրված փաստաթղթում կարծիք է հայտնվում, որ ԵՄ-ն պետք է սառեցնի բանակցությունները՝ Թուրքիայի հետ մաքսային միության արդիականացման ուղղությամբ, քանի որ վերջին իրադարձությունների լույսի ներքո այդ բանակցությունները կարող են Թուրքային կեղծ ազդանշան ուղղել: 
 
Բեռլինի՝ քաղաքականությունը փոխվելու անհրաժեշտությունը, «Բիլդ» պարբերականի փոխանցմամբ, հիﬓավորվում է Թուրքիայում ժողովրդավարության սկզբունքների և իրավական պետության չափանիշների խախտմամբ: Գերմանիայի իշխանությունները Եվրահանձնաժողովին մասնավորապես հորդորում են ուսուﬓասիրել Անկարային տրամադրվող ֆինանսական օգնությունը լիովին դադարեցնելու հարցը, որը հատկացվում է Եվրաﬕությանն այդ երկրի անդամակցության շուրջը բանակցությունների շրջանակներում: Իսկ խոսքը, պարզվում է, ﬕլիարդավոր եվրոների մասին է:
 
Մինչև այժմ Թուրքիան կարողացել է եվրոպաներից տարբեր հիմնավորումներով ֆինանսական միջոցներ կորզել: Նա Արևելքում թունդ սուննիական է խաղում, Արևմուտքում՝ ջերմեռանդ ժողովրդավար: Թուրքիայի խնդիրն է չզրկվել իր գրպանը հոսող միլիարդավոր դոլարներից, և այդ գործում նա, թերևս, հենարան կդարձնի նաև իշխող կուսակցության գրասենյակները, որոնք տեղերում անմիջական գործունեություն կծավալեն:
 
Եթե, իհարկե, այդ երկրների իշխանություններն այնքան խոհեմություն չդրսևորեն, որպեսզի դրանք կամ արգելեն, կամ խստագույնս վերահսկեն: Բացի, իհարկե, Ադրբեջանից: Այնտեղ դրանց դերը միանգամայն այլ կլինի, գոյությունը՝ օրինաչափ: