Ի լուր ներքին լսարանի՞ են Թուրքիային վանում

Դատելով սպասվելիք որոշ իրադարձություններից` սեպտեմբերի 24-25-ը Թուրքիայի համար ճակատագրական է լինելու: Սեպտեմբերի 24-ին Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններն են, իսկ հաջորդ օրը անկախ պետություն ստեղծելու իրենց եզակի իրավունքից հանրաքվեի միջոցով օգտվելու են Իրաքի քրդերը: Ահա թե դրանք Թուրքիայի հետ ինչ կերպ են առնչվում:

Էրդողանն ու իր վարչախումբն ակնհայտորեն դեմ են Քրդական պետությանը, և ամեն ինչ անում են, որպեսզի այդ պետության սահմանները չընդգրկեն նաև Թուրքիայի քրդաբնակ շրջանները:

Հենց այս օրերին էլ սեպտեմբերի 25-ի հանրաքվեի ընտրողները վճռականապես հակադարձել են ԱՄՆ-ի հորդորներին` այդ հանրաքվեի համար ավելի բարենպաստ ժամանակահատված ընտրել, և քաղաքական այդ իրադարձության օրը անփոփոխ է մնացել: Ինչ մնում է Գերմանիային, ապա օրեցօր վատթարացող թուրք-գերմանական հարաբերությունների միակ փրկությունը Էրդողանը համարում է Բունդեսթագի ընտրության` իր համար բարենպաստ ելքը:

Համենայնդեպս, նա հույս է հայտնել (ինչպես «ՌԻԱ նովոստին» է փոխանցում), որ այդ ընտրություններից հետո կբարելավվեն երկու երկրների հարաբերությունները:

- Եվրոպան մեզ քննադատում է իր ներքին լսարանի համար: Ավելի վաղ այդպես էին վարվում Ֆրանսիան ու Ավստրիան: Հիմա էլ տեսնում ենք, որ նույն ռազմավարությանն է հետևում նաև Գերմանիան: Կարծում եմ` ընտրություններից հետո մեր հարաբերությունները կբարելավվեն,-Էրդողանի խոսքն է մեջբերել լրատվամիջոցը:

Բունդեսթագի ընտրություններն են որոշելու, թե ով է լինելու Գերմանիայի կանցլերը, ովքեր են ձևավորելու կառավարությունը: Այս ընտրություններին, այլ թեկնածուների հետ, կանցլերի տեղի համար պայքարելու է նաև ներկայումս այդ պաշտոնն զբաղեցնող Անգելա Մերկելը:
Որքան Էրդողանի շուրջը անբարյացակմության օղակը սեղմվում է, այնքան նա ավելի ինքնահավան է դառնում: Դե, ինչպես կարող է Եվրոպան, մանավանդ իր դարավոր դաշնակից Գերմանիան, իր նման «պուպուշ» գործչին ու իր ղեկավարած երկրին այդքան անարժան վերաբերմունք ցույց տալ: Պարզ է` միմիայն ներքին լսարանին գոհացնելու համար…

Գերմանիայի ընտրությունները դժվար թե աշխարհի ճակատագրում որևէ էական բան փոխեն, սակայն Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն անհետևանք անցնել չի կարող: Ի՞նչ նոր  փոթորիկներ են սպասում այս փոթորկոտ տարածաշրջանում` հավանաբար աշնանը կերևա…