Թուրքիան ԵՄ-ից հրաժարվելու միտք չունի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը դիպել է Թուրքիայի սրտին: Ինչպես աշխարհի լրատվամիջոցներն են տարածել` նա հայտարարել է, թե  Եվրամիություն-Թուրքիա բանակցություններն այլևս անհնար է շարունակել:

- Ամեն դեպքում` այս պահին մենք մտադիր չենք ընդլայնել Թուրքիայի հետ մաքսային միությունը: Դրա մասին խոսք անգամ չի կարող լինել,-ասել է Մերկելը:

Այս կոչին արձագանքել է Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը: Նա հակադարձել է, թե Գերմանիան չի կարող միայնակ որոշել Եվրամիության քաղաքականությունը:

- Դա անհաջող հայտարարություն է: Մենք ընդգծում ենք, որ ԵՄ անդամներից ոչ մեկը չպետք է եվրոպական կառույցներին կարգադրի կամ էլ գլխավորի եվրոպական գործընթացները: Դրանք շատ վտանգավոր իրավիճակներ են ստեղծում,-զգուշացրել է Չելիքը և հավելել, թե մաքսային միության փոփոխությունները օգտակար կլինեն ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրամիությանը, մինչդեռ «նրանք իրենց այնպես են պահում, ասես Թուրքիային շնորհ են անում»:

Կարելի է ասել, որ իր պաշտոնյայի բերանով Թուրքիան Եվրոպային «թասիբի» է գցում: Իբր` Գերմանիան ինչ դարձավ, որ ձեր բոլորի փոխարեն  մեզ նման հրաշք երկրին մերժի: Միայն թե շատ մեծ վերլուծական կարողություններ չեն պահանջվում, որպեսզի մարդ եզրակացնի, որ «թասիբ»` պատիվ ասածը եվրոպայի հետ ոչ մի առնչություն չունի: Թուրք նախարարը գուցե տեղյակ էլ չէ, թե ժամանակին «թղթե շերեփով» եվրոպայից ոչինչ չստացած հայերին այն ժամանակվա մեկ այլ թուրք պաշտոնյա ինչպես է ասել` մի՞թե չգիտեիք, որ պոռնիկ Եվրոպայի վրա հույս դնել չի կարելի:

Այն ժամանակներից ի վեր Եվրոպան առանձնապես չի փոխվել, իսկ դա նշանակում է, որ նրանից ամեն տեսակի երկերասանիություն սպասելի է. այդ թվում` թուրք նախարար Չելիքի կոչին անսալը և Գերմանիայի կանցլեր Մերկելի հայտարարությունն անտեսելը: