Սոչիից` Նախիջևան. իսրայելա-ադրբեջանական սպառնալիք

ԵՐԵԿ ՍՈՉԻՈՒՄ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրավոր) հայտարարություններով կրկին «արջի յօթ երգերը» հիշեցնող հակաիրան խոսքեր է հնչեցրել: Իհարկե, Պուտինի կողմից Նաթանյահուի արտայայտություններն անմիջական և ուղղակի պատասխանի չեն արժանացել, սակայն հենց նոյն օրը՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Ռուսաստանյան մշտական ներկայացուցչի միջոցով հետևյալ պատասխանն է հնչեցվել, ըստ որի՝

- Իրանը Սիրիայում ու առհասարակ տարածաշրջանում կիրառում է կառուցողական քաղաքականություն ու դերակատարում...
 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅԱՄԲ, երեկ, նույն օգոստոսի 23-ին (ի դեպ` Հայաստանի  Անկախության Հռչակագրի 26-ամյակին), Նախիջևանում ադրբեջանական ռազմական ընդլայնված ցուցադրություններ են իրականացվել՝ թե՛ օդուժի և թե՛ ցամաքային զորամիավորումների մասնակցությամբ, որոնք քաղաքական փորձագետների կողմից նույնպես գնահատվում են որպես սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը:

ԴԵՌԵՎՍ ԱՆՑՆՈՂ օրերում էր, որ նույն Նախիջևանում կայացան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները:

ՀԱՄԸՆԹԱՑ ՕՐԵՐԻՆ, Թեհրանում՝ նախագահ Ռոհանին իր երդմնակալությանը մասնակից ՀՀ նախագահ Սարգսյանի հետ երկխոսության ընթացքում շեշտակիորեն հայտարարում է երկրի հարևանությամբ գտնվող շրջաններում օտար, արտաքին ուժերի ներկայության ու ռազմական նոր բախումների սպառնալիքները չհանդուրժելու մասին...:

ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ զուգադիպությամբ՝ նույն օրերին լրահոսում հայտնվեց տեղեկատվություն, որի համաձայն՝ փաստվում էր հայկական դիրքերի դեմ օգտագործվող անօդաչու սարքերի իսրայելական մատնահետքերը...:

ԻՍԿ ԱՌՀԱՍԱՐԱԿ բազմիցս է բարձրաձայնվել այն մասին, թե Իսրայելա-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործարքների հիմքում ընկած է Իսրայելի կողմից (և ոչ միայն) Ադրբեջանի ու հատկապես նախիջևանյան ռազմաբազաների (օդային և ցամաքային) օգտագործումը՝ որպես անմիջական հարթակ` հակաիրան, տվյալ դեպքում` հակահայաստան դավերի ու սադրանքների հաշվին...:

 

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր