Թուրք լրագրողի «դասը» Ադրբեջանում սվիններով են ընդունել

Երկու շաբաթ շարունակ «եղբայրական» Ադրբեջանում գտնվելուց հետո թուրք լրագրող Ադեմ  Օզքյուսեն շատ է սրտնեղել և տուն  ճանապարհվելուց առաջ սոցցանցային գրառմամբ իր դժգոհությունն է արտահայտել: 
 
- Ահա եկավ Ադրբեջանին հրաժեշտ տալու պահը: Շատ մեծ ցավ է, երբ երկու շաբաթ շարունակ ազանի ձայնը չես լսում, թեև գտնվում ես մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը մահմեդական է համարվում,-«Թվիթերի» իր էջում գրել է նա: 
 
Լրագրողը, որ հայտնի է Սիրիայի տարածքում գործող «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրներից Թուրքիայի TRT պետական հեռուստաալիքին և իշխանամետ «Անադոլու» գործակալությանը լուրեր հաղորդելով, իր պարտքն է համարել ադրբեջանցի փոքր եղբայրներին իսկական հավատի դաս տալ: 
 
Օզքյուսեն, սակայն, երևի չի էլ երևակայել, թե իր եղբայրակիցների մեջ ինչքան ատելություն է սերմանվել առնվազն վերջին 30 տարում: Ճիշտ է, Ադրբեջանում ատելության թիրախ են դարձրել իրենց նավթային շահերին հպատակվել չցանկացող հայերին, սակայն երևում է՝ չափաբաժինն այնքան մեծ է, որ արդեն ափերից դուրս է եկել:  
 
Սոցցանցերի օգտատեր հազարավոր ադրբեջանցիներ թուրք լրագրողի դեմ իրենց բողոքն են արտահայտել, և կորանական հողի վրա սոցցանցային բախում է սկսվել: Իսկ ադրբեջանցի մի աղջկա գրառումը ռեկորդային թվով հավանումներ է ստացել, բազմաթիվ մարդիկ այն իրենց էջերում են տեղադրել: 
 
- Ամենաշատ ահաբեկչությունը ձեզ մոտ է: Ամենաշատ մանկապղծությունը ձեզ մոտ է: Թուրքիայում ամեն օր 5 կնոջից 3-ը բռնության է ենթարկվում: Դե, այո: Բայց փառք Ալլահին՝ ազանը կարդացվում է, հոգիներդ հանգիստ է, չէ՞,- թուրք լրագրողին հակադարձել է աղջիկը: 
 
Այն հանգամանքը, որ Թուրքիայում տարածված է իսլամի սուննի ուղղությունը, իսկ Ադրբեջանում մահմեդականների գերակշռաղ մասը շիաականներ են, մի հսկայական սեպ է՝ խրված այդ երկու թրքախոս պետությունների միջև: Իսլամի այս երկու ուղղությունների միջև հակամարտությունը հարյուրամյակների պատմություն ունի: Այսօր էլ Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Իրաքում տեղի ունեցող արյունալի բախումներից շատերի հիմքում հենց դա է դրված: 
 
Եղածը, իհարկե, մեծ բան չէ՝ ընդամենը մի գրառում և դրա արձագանքները: Բայց մեզ համար դրանք երկու բացահայտում են անում: Մեկը, որ ադրբեջանցիների հոգում մեր հանդեպ ներարկած ատելությունը ցանկացած պահի կարող է հենց իրենց խայթել: Եվ մյուսը՝ որքան էլ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի մեծ ջանքերով ու գոյատևում է նրա հովանու ներքո, այս երկուսի միջև կրոնական այնպիսի հակասություններ են առկա, որոնք դարերով հաշտության եզրեր չեն գտել ու այսօր առանձնապես սրված են: