Եվրոպական ժառանգության օրերին նաև փակ դռներ կբացվեն

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ և ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ավանդական դարձած՝ Եվրոպական ժառանգության օրերն այս տարի անցկացվում են «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի ՀՀ Լոռու մարզի Է. Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարությունների և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ մշակութային ծրագրով: 
 
ՀՀ մշակույթի նախարար Արմեն ԱՄԻՐՅԱՆԻ հավաստմամբ՝
 
-  «Ժառանգությունը և բնությունը» խորագիրը նպատակ ունի հանրությանը առավել ընկալելի դարձնել մշակութային ժառանգության և այն հանգրվանող բնության ներդաշնակությունը, ընդգծել ժառանգության կենսականությունը՝ շոշափելով բնության զարկերակը: Հատկապես ողջունելի է երիտասարդների մասնակցությունն ու ներուժը մշակութային ժառանգությունը նոր դիտանկյուններով գնահատելու և այն բնությամբ կենսական դարձնելու գործում: 
 
Յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունը կնպաստի Եվրոպական ժառանգության օրերի կայացմանը և ծրագրի նպատակների իրականացմանը: Կոչ եմ անում բոլորիս ներկայությամբ ու մասնակցությամբ մեկ անգամ ևս արժևորել մեր մշակութային ժառանգությունը և ներդրում ունենալ այն պահպանելու և դարերի հավերժությանը փոխանցելու նվիրյալ գործում:
 
Հայաստանում և Արցախում այդ երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձաններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին: Սեպտեմբերի 30-ին այցելուների համար բաց կլինեն ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության շենքերը, Երևանի կոնյակի գործարանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը:
 
Կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, աստղադիտումներ, ծառատունկ, քայլարշավներ դեպի բնության և մշակույթի բացառիկ հուշարձաններ: 
 
Այս տարի ևս մի շարք միջոցառումներ կնվիրվեն «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիային (Ֆարո), դրա սկզբունքներին ու կիրարկմանը, կկազմակերպվեն մշակութային զբոսանքներ Երևանում, Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում, որոնք նորովի կբացահայտեն պատմական քաղաքների հսկայական ժառանգությունը և դերը համայնքների բնակչության համար` որպես սոցիալ-տնտեսական կարևոր ռեսուրսի: 
 
Միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է մշակութային և բնության ժառանգության պահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը և երիտասարդության ներգրավվածությունը:
 
Հիշեցնենք՝ Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝  Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝  բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը: