Մրցույթը՝ հիշատակի խնկարկում

Վաղը՝ մայիսի 10-ին, ժամը՝ 12:00-ին Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը:
 
Փակ քննարկման արդյունքում մրցութային փուլին մասնակցության իրավունք են ստացել 11 պատանի ստեղծագործող՝ բաժանվելով երկու խմբի (կրտսեր խումբ՝ մինչև 13 տարեկան, ավագ խումբ՝ 14-18 տարեկան): Հարկ ենք համարում նշել, որ առաջին անգամ մրցույթին կմասնակցեն նաև հայազգի ստեղծագործողներ ՌԴ-ից և Գերմանիայից: 
 
Այս տարի մրցույթը նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին։
 
Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, կներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին։ Ի դեպ՝ լավագույն երգի հեղինակը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով: Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) նախորդ տարիների համեմատ կատարվել է փոփոխություն․ պատանի կոմպոզիտորը կարող է ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկինում պարտադիր պայման հանդիսացող դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։ 
 
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Հայրապետյանը, Արզաս Ոսկանյանը, Երվանդ Երկանյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: 
 
Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Ե՛վ մրցութային փուլը, և՛ մրցանակաբաշխությունը կմեկնարկեն ժամը 12:00-ին: