«Խաղացողը» և «Հայկական թավշյա հեղափոխությունը» կներկայացվեն Սյունիքում

Միանգամից երկու գրքի մարզային շնորհանդես կկայանա վաղը՝ օգոստոսի 24-ին, Կապանի դրամատիկական թատրոնում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության և «Սյուն» գրախանութների ցանցի նախաձեռնությամբ:
 
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը (հեղինակ՝ Ուիլյամ Չ. Ռեմփել) և քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքերը կներկայացվեն Սյունիքում:
 
- Մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Այս անգամ մենք միանգամից երկու մեզ համար շատ կարևոր գրքեր կներկայացնենք Սյունիքում: Երկու գրքերն էլ լույս են տեսել վերջերս: Վստահ ենք, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարզաբնակ ընթերցողներին,- նշում է  «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: 
 
«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:
 
«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան), մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: