«Թող արթնանանք ու լսենք այդ բառերը՝ խաղաղությո՛ւն, հաղթանա՜կ»

Հարցազրույց Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանի ներկայացուցչության հասարակության հետ կապերի պատասխանատու, «Ձայն հայրենյաց» համահեղինակային ժողովածուի խմբագրակազմի քարտուղար Ավետիք Սարգսյանի հետ։

- Պարոն Սարգսյան, առաջին անգամ գլխավոր խմբագրի փոփոխությամբ հրատարակվեց «Ձայն հայրենյաց» ժողովածուն. ի՞նչ է սպասվում ժողովածուին։
 
- Շատ բարդ ուղի է անցել ժողովածուն, արդեն երկրորդ հատորի ընթացքում կորցրեց մտահաղացման հեղինակին, սակայն խմբագրակազմի հոգատարությամբ կարողացավ հասնել իր տրամաբանական ավարտին։ Երրորդ հատորը, որը արդեն լույս է տեսել, ընթերցողի դատին հանձնվեց պատերազմական իրավիճակում, երբ առհասարակ քիչ բան կա, որը կարող է ուրախացնել հային։ Այս պահին էլ գիրքը շարունակում է պահպանել միասնության կամուրջ լինելու իր առաքելությունը՝ միաձուլելով և իր մեջ ամփոփելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
 
- Այսինքն, գիրքը ներառում է գրողներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքի՞ց։ 
 
- Միանշանակ: Կարող եմ նշել, որ գրքի երկու խմբագիրներից մեկը՝ գլխավոր խմբագիր Աիդա Պողոսյանը, Սփյուռքի՝ ԱՄՆ-ի բնակիչ է և գրական համայնքի ներկայացուցիչ. ավելին՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահն է։ Գրքում ներկայացված գրողներից են Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ Գարուշ Հարյանցը (ԱՄՆ), Նժդեհ Ջավախքցին (Վրաստան), Լյուդմիլա Շելլունցը (Դանիա), Սոֆյա Սարգսյանը (Արցախի Հանրապետություն), ռուսաստանաբնակ և հայաստանաբնակ գրողներ։ Ահա այսպես, շնորհիվ գրքի ու նաև համացանցի գրական էջերի, այն միությունների, որոնց ներկայացնում եմ, ստեղծվում է գրական ներդաշնակ մթնոլորտ, որը շատ կարևոր է մեր ներկայի ու ապագայի համար։
 
- Գրքի խմբագիրները նախկինում տված հարցազրույցներում հայտնել են, որ գիրքը լինելու է քառահատոր։ Արդյո՞ք չի փոխվել խմբագրակազմի մոտեցումը։
 
- Կարող էր փոխվել, եթե փոխվեր խմբագրակազմը, ինչպես հաճախ ընկալվում է, բայց խմբագրակազմը գրքի ստեղծման օրից չի փոխվել։ Եթե բացենք գրքի առաջին և երկրորդ հատորները, կհանդիպենք և՛ Աիդա Պողոսյանին, և՛ Մխիթար Մոս-Մուշեղյանին՝ որպես խմբագրակազմի անդամներ։ Այսինքն այն մոտեցումը, որը որդեգրվել է ի սկզբանե, չի փոխվել, սակայն չեմ բացառում, որ կարող է փոխվել։ Հինգերորդ հատորի մասին խմբագրակազմը քննարկում կամ առաջարկ չի ունեցել և եթե ունենա հեղինակներից՝ անշուշտ կքննարկի։ 
 
- Իսկ ե՞րբ սպասել չորրորդ հատորին։
 
- Չորրորդ հատորի նյութերի հավաքագրում ինձ չի հանձնարարվել։ Ներկայում ժամկետներ նշել չեմ կարող, գուցե որոշվի մեկ շաբաթից սկսել, գուցե՝ հենց վաղը։ Որովհետև մի կողմից պատերազմ է, իսկ մյուս կողմից՝ գրողի զենքը գրիչն է։ Այս օրերին բազմաթիվ հերոսապատումներ են ծնվել, որոնք պարտադիր պետք է տեղ գտնեն գրքերում, պահպանվեն ու փոխանցվեն սերունդներին։ Այլ կերպ լինել չի կարող։ Ահա այս նկատառումներով ներկայումս տպագրման է պատրաստվում «Հայրենականչ» խորագիրը կրող ժողովածուն, որն ամփոփում է մի քանի տասնյակ հայ գրողների այս օրերի զգացածը ու թղթին տվածը։
 
- «Հայրենականչ» ժողովածո՞ւն էլ ԿՀԳՄ նախաձեռնությո՞ւնն է:
 
- Որպես այդպիսին՝ ոչ, սակայն գիրքը կազմում է ԿՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչության ղեկավար Մարինե Իսրայելյան Մոս-Մուշեղյանը։
 
- Նշյալ ժողովածուն նույնպե՞ս շարունակական է:
 
- Ոչ, «Հայրենականչը» հատորներ չի ունենա, տպագրվում է մեկ անգամ՝ նվիրված սեպտեմբերի 27-ին սկսված Արցախի հայրենական պատերազմի մեր հերոսներին։
 
- Ներկայումս ի՞նչ ծրագրեր է իրականացնում ԿՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչությունը։
 
- Ներկայացուցչությունը մեծ մասամբ փորձում է գրքերով ապահովել հեռավոր համայնքներին, մեր գյուղերին ու քաղաքներին։ Այս նախաձեռնության շրջանակներում Մարինե Մոս-Մուշեղյանի որոշմամբ գրքեր հատկացվեցին «Տավուշ» հայրենակցական միությանը։ Հոկտեմբերի կեսին այց էր նախատեսվում Արցախ, որտեղ գրքեր պետք է տրամադրվեին համայնքներին, իհարկե մեր ներկայացուցչությանը կից Արցախյան ներկայացուցչության ղեկավար, արձակագիր Սոֆյա Սարգսյանի հյուրընկալությամբ, համատեղ կազմած ծրագրով։ Ցավոք, պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այցելությունը անժամկետ կհետաձգվի: 
 
- Ի՞նչ կասեք որպես վերջաբան։
 
- Այն, ինչ կասեր իմ փոխարեն յուրաքանչյուր հայ՝ թող արթնանանք ու լսենք այդ բառերը՝ խաղաղությո՛ւն, հաղթանա՜կ:
 
Զրուցեց Արմեն ԵՓՐԵՄՅԱՆԸ