Գուրգենը միասնության կամուրջ է, լավ ընկերոջ խորհրդանիշ

Պիտի նշվեր «Յանուս» արտիստական թատրոնի հոբելյանը։ Միջոցառումը կազմակերպված էր լեգենդար զորավար, Հայաստանի Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հյուրընկալ հարկի ներքո։ Հրավիրված էին իմ և թատրոնի բարեկամ մտավորականները, որոնց թվում էր նաև Հրանտ Հորիզոնը։ Հրանտը ճշտապահ մարդ է, միջոցառումներին գալիս է այնպես, որ չուշանա։ Նկատեցի, որ չկա ու զանգեցի։
- Հրանտ ջան, չե՞ս գալու...։
- Գալիս եմ արդեն, մի քանի րոպեից տեղում կլինեմ։ Բայց մենակ չեմ, հա։ Գուրգենի հետ եմ, ոչինչ, չէ՞,-հարցրեց Հորիզոնը։
- Իհարկե` ոչինչ, ես միայն ուրախ եմ, համեցեք։

- Հետաքրքիր դիմագծեր ունես,- ասաց Գուրգենը և ավելացրեց,- կնկարեմ քեզ։
Հաճելիորեն զարմացած էի։ Այդ ժամանակ բեղերով էի ու, կեսկատակ ասացի,- բայց երևի թե բեղերս սափրեմ՝ նոր։
- Սափրիր, եթե ուզում ես, ես հետին թվով կնկարեմ,- պատասխանեց Գուրգենը։
Ժպտացի...
Այսքան տարիներ են անցել, մեր բարեկամությունը և ջերմ հուշերը մնացել են։ Գուրգենից նվեր ստացա։ «Երգիծում են Հրանտ Հորիզոնը և Գուրգեն Լոռեցին» գիրքը։ Բացեցի, տեսնեմ չի մոռացել անգամ՝ ընծայագրել է. «Մխիթար Մոս-Մուշեղյանին՝ գրի, գրքի նվիրյալին, մեղվի նման հոգևորը արարողին։ Մխիթարանքներով Գ. Լոռեցի 7.12.2021թ.»։

Կա առնվազն երկու կարողություն ևս, որ ամբողջացնում է Գուրգեն Լոռեցի արվեստագետ-մտավորականի դիմագիծը։ Առաջինը նրա պոեզիան է, որը շատ եմ հավանում և՛ որպես սոսկ ընթերցող, և՛ որպես «Հասկեր» համահեղինակային ժողովածուի (որում ներկայացված է Գուրգենի պոեզիայից մի քանի նմուշ) գլխավոր խմբագիր։ Երկրորդը, դա նրա մագնիսականությունն է։ Ապշել կարելի է, այդ ինչպե՞ս է նրան հաջողվում իրար կապել տարբեր ոլորտների արվեստագետ բարեկամներին ու դառնալ բարեկամության էպիկենտրոնը։ Հոգատար է՝ այսինչը խնդիր ունի, այնինչը կարող է լուծել, իսկույն կդիմի։ Այսինչը գիրք է գրել, այնինչը հիանալի կխմբագրի, իսկույն դիմում է...
Գուրգենը... Նա միասնության կամուրջ է, լավ ընկերոջ խորհրդանիշ։ Լոռեցիները շատ են, Գուրգենները՝ նույնպես, բայց Գուրգեն Լոռեցին եզակիներից է մեր իրականության մեջ։
Թող, որ Գուրգենը շարունակի բոլորիս ժպիտ պարգևել դեռ երկա՜ր-երկար տարիներ, բայց չմոռանա նաև զբաղվել պոեզիայով, քանի որ նրա պոետիկ խոսքը անպաճույճ է ու անկեղծ...
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
«Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր,
ԿՀԳՄ և ԵՀՄ անդամ,
բեմադրիչ, դրամատուրգ