Արցախի էներգետիկան՝ առանձին գրքով

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Անցնող տարվա ավարտը ուրախալի լուրով նշանավորվեց հայ գիտնականի վաստակը գնահատողների ու նաև «Ավանգարդ»-ի համար․ լույս տեսավ թերթի լավագույն բարեկամներից մեկի՝ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԻ հեղինակած «Արցախի էներգետիկան» մենագրությունը։
 
Վերջապես էներգետիկայի բնագավառի ներկա և ապագա մասնագետները, ինչպես նաև ոլորտի խնդիրներով հետաքրքրվող ընթերցողները ամբողջական ու ամփոփ տեսքով կարող են ծանոթանալ Արցախի էներգետիկայի պատմությանն ու դրա հեռանկարներին՝ գրքի շնորհիվ։ Հարկ է նշել, որ Հայաստանի և Արցախի էներգետիկայի վերաբերյալ բազմաթիվ
հոդվածներ հրապարակվել են «Ավանգարդ»  թերթում: 
 
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» մենագրությունը՝ 150 էջ ծավալով, 16 էջ գունավոր լուսանկարներով, հեղինակի տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է: Մենագրությունն իր բնույթով եզակի է, ունի գիտական արժեք:
 
Գրքում ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ և վերլուծություններ՝ Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացմանն առնչվող: Գրքում տեղ է գտել նաև Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Եվ, որ ավելի կարևոր է՝ նախանշվում են նաև Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները:
 
Գրքի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր  Հարությունյանը: Աշխատությունը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ և Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ․ գրախոսներ՝ տ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյան և տ. գ. թեկնածու Հայկ Մարկոսյան:
 
Գրքից տեղեկանում ենք նաև, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ էին կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Արցախում շահագործվում էին 27 հիդրոէլեկտրակայաններ, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում էր 192 ՄՎտ: Տարեկան կարող էր արտադրվել 887 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: 
 
Ներկայում գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայաններից Արցախի տարածքում է մնացել վեց ՀԷԿ՝ Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Այսինքն՝ 192 ՄՎտ դրվածքային գումարային հզորությունից մեր տարածքում է գտնվում 75 ՄՎտ գումարային հզորություն: Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Լաչինի տարածքով:
 
- Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ գիտականորեն 
հիմնավորված ծրագիր՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Այն 
անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ,- առաջարկում է հեղինակը: 
 
Ս. Պապիկյանն առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն:
 
Գիրքը նախատեսված է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաև բնագավառի մասնագետների համար: 
 
Ստեփան Պապիկյանը հեղինակել է ավելի քան  200 գիտական աշխատություն, որոնք առնչվում են ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգերին, գազատուրբինային կայանքներին, ՋԷԿ-երին և ԱԷԿ-ներին, ՀԷԿ-երին, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական, ինչպես նաև էներգետիկայի պատմության հարցերին:
 
Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թ. ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով:
 
Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում և բազմաթիվ կազմակերպություններում: Նա միջազգային մեծ ճանաչում ունեցող գիտնական է, հսկայական աշխատանքներ է կատարում Հայաստանի և աշխարհի էներգետիայի զարգացման բնագավառում:
 
Հարկ է նշել, որ Արցախում մինչև 1920 թվականը շահագործվում էր 30 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ: Ցանկալի կլիներ, որպեսզի գիրքը սեղմագրի ձևով հրատարակվեր նաև այլ լեզուներով:
 
Ստեփան Պապիկյանի անձնական  արխիվում կուտակվել են բազմաթիվ արխիվային նյութեր: Նա մեծ ծառայություններ ունի հատկապես Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: Հետևաբար կարելի  է գրել վավերագրական ֆիլմի սցենար և այն ներկայացնել պատշաճ մակարդակով: «Արցախի էներգետիկան»  վերտառությամբ վավերագրական ֆիլմի ստեղծումը տարբեր լեզուններով հնարավորություն կտա Արցախը ներկայացնել միջազգային մակարդակով: Գուցե կգտնվեն գործարար մարդիկ, ովքեր կֆինանսավորեն՝ գաղափարը կյանքի կոչելու համար:
 
Անհրաժեշտ է  նաև պետական մակարդակով գնահատել գիտնականի վաստակը: