«Ամեն ինչի նպատակը գոյությունն է»

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԲԱԼԵՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍՈՖԻԱՅՈՒՄ ԵՎ ՊԼՈՎԴԻՎՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին Սոֆիայում և նոյեմբերի 2-ին Պլովդիվում տեղի կունենա Chaconne in "K" Exictance ժամանակակից բալետի համաշխարհային պրեմիերան։ Կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը գրել է երաժշտությունն ամբողջովին զրոյից՝ հատուկ այս բալետի համար։ Պարողների ընտրության համար բաց մրցույթ է հայտարարվել, որի արդյունքում ավելի քան հարյուր դիմումներից ընտրվել է չորս պարող։
 
- Վերջապես կարող եմ ասել, որ 4-ամսյա աշխատանքից հետո տեղի կունենա իմ Chaconne in "K" Excistance բալետային ներկայացման պրեմիերան, որի երաժշտությունը ստեղծելու առաջարկը ստացա ամենատաղանդավոր բեմադրիչ ընկերոջիցս Ռիմա Պիպոյանից: Անչափ ուրախ եմ, որ հայ ժամանակակից երաժշտությունը ներկայացվում է օտար ափերում։ Ի դեպ, ասեմ, որ 2023-ի ապրիլի 14-ին կկարողանաք ներկա լինել բեմադրության հայաստանյան պրեմիերային,- նշում է կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը։
 
Chaconne in «K» existence․ պարուսույց, բեմադրիչ, ռեժիսոր Ռիմա Պիպոյանի և կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի առաջին համատեղ աշխատանքն է։ Ժամանակակից բալետն իրականություն է դառնում բուլղարական Պլովդիվի քաղաքապետարանի Contextair ծրագրի շրջանակում։ 
 
- Փորձի փոխանակման շրջանակներում մեկ ու կես ամսով հրավիրված էի Պլովդիվի արվեստների ակադեմիա։ Այստեղ առաջարկեցի միջազգային նախագիծ իրականացնել, որի գաղափարը մեծ սիրով ընդունվեց։ Մի քանի ամիս առաջ «բաց կանչ» հայտարարեցինք և ստացանք ավելի քան հարյուր հայտ։ Դա մեզ համար մեծ անակնկալ էր, քանի որ նախագիծը չէր հոգում արտիստների ճանապարհի և կեցության ծախսերը,- նշում է բեմադրության ռեժիսոր Ռիմա Պիպոյանը։ Ներկայացման երաժշտության համար նա որոշել է դիմել կոմպոզիտոր, պրոդյուսեր Սերգեյ Ումրոյանին, որից դեռևս ամիսներ առաջ ստացել էր իր գրած Չակոնան։ Դա էլ դարձավ բալետի հիմքը։ 
 
- Սկզբում նախատեսում էի ընդգրկել վեց պարողի, և հաշվի առնելով նախագծի հանդեպ մեծ հետաքրքրությունը՝ որոշեցի չորսին ընտրել արտերկրից, իսկ մյուս երկուսին՝ Բուլղարիայից, բայց Բուլղարիայում չկա ժամանակակից պարի դպրոց, այստեղ կենտրոնացած են հիմնականում ժողովրդական պարերի վրա։ Արդյունքում որոշում կայացրեցի բեմադրությունն այդ չորս պարողների հետ,-հավելում է նա։ Նախագծում ընդգրկված պարողներն են Ալբերտո Սերանոն (ԱՄՆ և Իսպանիա), Նաոմի Ալվինոն (Իտալիա), Անդրեա Խուանենան (Ուրուգվայ), Սոֆի Մանուելլա Քեոշկերյանը (Անգլիա)։ 
 
Ի՞նչ է Chaconne in «K» existence-ը։ «K» -ը բանալին է (անգլ․ Key բառից,-հեղ), existence-ը` գոյությունը, այսինքն՝ «Գոյության բանալի»։ Այն հիմնված է բարոկկո ոճի կոմպոզիտոր Դիտրիխ Բուքստեհուդեի Chaconne in C Minor BuxWV 159-ի վրա: Այս ժամանակակից բալետային էլեկտրոնային երաժշտությունը գրվել է զրոյից՝ չակոնի օրենքներով, ինչը նոր մոտեցում է երաժշտության աշխարհում։ Այս ստեղծագործությունը Սերգեյ Ումրոյանի առաջին պարային և բալետային ստեղծագործությունն է։
 
- Ամեն ինչի նպատակը գոյությունն է, որը թելի նման կապում է մարդկանց։