Անշահախնդիր բարեկամի թիկնոցն էր նրա ուսերին

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

Մարդու գոյությամբ է պայմանավորված աշխարհի գեղեցկությունը։ Նրա մահով այն ակնթարթորեն կարող է տեսիլքի վերածվել, կամ աշխարհի գեղեցկության մեկ շողի պակասում է։ Իսկ տիեզերքի անեզրական տարածության մեջ մարդը դառնում է հավերժության գաղափարի հուշարձան, մի փոքրիկ մասունք, ոգեշունչ ուղեգիր վաղվա ու ապագայի համար։ Ու հիմա Գուրգեն Բալայան - Լոռեցու անունը այս իրականության մեջ, բարեկամների ու ճանաչողների համար բարձրանում է որպես հիշարժան անուն, ու նրա մահով կյանքի գեղեցկությունից մեկ շող է պակասում։
     
Երևի ոչ մեկի հետ իմ ընկերությունն այդքան անմիջապես ու անմիջական չի եղել, ինչպես Գ. Բալայան մարդու, Գ. Լոռեցի մտավորականի ու մշակութային գործչի հետ։ Ծանոթություն, առաջին փոխադարձ շփում, ու միմյանց նկատմամբ պարտավորվածի պարտականությամբ ստեղծված գործընկերություն, որը շատ արագ վերածվեց ընկերության։ Հիմա էլ շարունակում է իմ մեջ արթուն մնալ այն զգացումը, որ նա ինձ զանգելու է և ասի. «Հառիճեցի ջան, ի՞նչղ ես, արի, քեզ ենք սպասում»։ Ու ես ակամա, անկախ այն հանգամանքից, թե ինչ պլաններ ունեի այդ օրվա համար, շտապելու եմ գրասենյակ։ Այստեղ ցանկացած աշխատանքային խնդիրներին լուծում գտնելուց հետո, վերջինը մենք էինք դուրս գալիս ու կանգառում սպասում  մեր երթուղային ավտոբուսներին։ Տուն հասնելուց հետո պետք է միմյանց անմիջապես զանգեինք, տեղեկանալու համար, թե արդյո՞ք հաջող տեղ ենք հասել։
   
Նա իր շատ սովորական կեցվածքի ու գործելակերպի մեջ ամբարած ուներ մարդկային վսեմ հատկանիշներ, ստեղծագործական ու բազմաբովանդակ կարողություններ։ Բարի էր, անկեղծ ու ազնիվ։ Ուներ մարդկանց չմերժելու բնավորություն, ձգտում էր աջակից լինել նրանց խնդրանքին ու ցանկություններին։ Մտահոգ էր բոլորի համար ու ու պատրաստակամ՝ օգնելու, եթե հնարավորության հույս կար։ 
   
Ամեն անգամ գրասենյակ մտնելիս իմ առջև էր դնում իր հոդվածները կամ իր միջամտությամբ տպագրության հանձնվելիք այլոց գրառումներն ու նյութերը։ Առաջարկում էր ստուգել, խմբագրել ու կարծիքս ասել։
   
Գ. Լոռեցին կապող օղակ էր  ընկերների ու ծանոթների միջև։ Մարդկանց մերձենալու, ծանոթանալու, բարեկամանալու կախարդական բնավորություն ուներ։ Պարտավորված երեխայի նման՝ լսում էր բոլորին, ժամանակ գտնում էր նրանց համար, մտորում անելիքները։ Նրա պարզ ու անմիջական հայացքը իր վրա էր գամում զրուցակցի ուշադրությունը։ Չկար չարություն։ Պարզ ու անշահախնդիր մտերմության թիկնոցն էր նրա ուսերին։ Բարի հումորի արքա էր նա։
   
Շաբաթվա ընթացքում գոնե երկու-երեք անգամ պետք է հանդիպեինք։ Միասին անցկացրած ժամերը կամ րոպեները կարծես լրացնում էին մեր այդ օրվա բովանդակային մասը։ Իմ ամեն օրվա մեջ պետք է լիներ նրա ներկայության մասնաբաժինը, գոնե հեռախոսազանգով՝ փոխադարձ հետաքրքրության հարցերով։
   
Հաճախ մեր զրույցների թեման Հայաստանի մշակույթի գործիչների միության մշակութային պարբերականը ունենալու, դրա բովանդակային մասի ու տպագրական հնարավորությունների մասին էր լինում։ 
   
Նրա ստեղծագործական առօրյան հարուստ էր՝ բազմազան ու բազմաբնույթ։ Ուզում էր իր ծանոթ-բարեկամների շարժանկարների շարք ստեղծել ու դրանք ամբողջացնել մի հրատարակչական ժողովածուի մեջ։
   
Բանաստեղծություններում ասելիքի բովանդակությունը հարստացնում էր գեղեցիկ բառիմաստային գունագեղությամբ։ Նրա «Ծաղկող հուշեր» գրքույկը ծաղկող հուշերի մի ողջ անգին ծաղկաշղթա է։ Ընթերցողը վերջում պետք է անպայման դառնար մտախոհ ու լուրջ։
   
Գ. Լոռեցու յուրաքանչյուր հոդված սիրով կարդալու նյութեր էին։ Հեղինակը ասում ու պատմում էր ասելիքը այնպիսի պարզությամբ ու անմիջականությամբ, ինչպես մտածում էր ու խոսում ։
   
Իր ստեղծագործական ինքնատիպությամբ և կամային շատ համեստ համբերատարությամբ պայծառ լավատեսությամբ ապրող մտավորական էր ու մշակութային գործիչ։
   
Չեմ թվարկում այն կոչումներն ու պարգևները, որոնք արժանիորեն զարդարում են բանաստեղծի, ծաղրանկարչի, լրագրողի, մտավորականի ու մշակութային գործչի անունը։ Միայն կասեմ` Հոգիդ լույս դառնա, սիրելի Գուրգեն։      
 
ԳագիկՀԱՌԻՃԵՑԻ
(Գագիկ Անտոնյան)
Հայաստանի Մշակույթի գործիչների
Միության փոխնախագահ, պատմաբան