Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:
 
Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցասրահների վերաբացման առիթով.
 
- Հայաստանի ազգային պատկերասրահը մեր մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի,  և հատկանշական է, որ հանրությունը զգացել է փակ ցուցասրահների ազդեցությունը: Հետևաբար, Հովհաննես  Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացումը նույնպես պետք է զգանք բոլորս, և ակնկալվում է, որ այդ ցուցասրահները պետք է չդատարկվեն: Այստեղ մենք պետք է հյուրընկալենք մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներին, այն պետք է դառնա մեր երեխաների, տարբեր բնակավայրերում ապրող քաղաքացիների սիրելի վայրերից մեկը: Շատ ուրախ եմ, որ այսօր խոսում ենք հենց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման մասին: Ազգային պատկերասրահում գործող մշտական ցուցադրության առկայությունը ևս մեկ անգամ նշանավորում է Հովհաննես Այվազովսկու այն մեծ ժառանգությունը, դերը և նշանակությունը, որն ունեցել և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ Կառավարության համար Ազգային պատկերասրահի մշտական արդիականացումն առաջնահերթություն է:
 
Ըստ նախարարի՝ նախորդ տարիներին հատկացվել է շուրջ 700 մլն դրամ՝ պատկերասրահի վերանորոգման, անհրաժեշտ օդափոխության, սառեցման համակարգերի, ինչպես նաև վերելակների փոխարինման աշխատանքների համար: «Անելիքները դեռ ընթացքի մեջ են, և կարծում եմ, որ նորովի այս հնարավորությունները պատկերասրահը կդարձնեն մշակութային կյանքին հաղորդակցվելու արդիական միջավայր»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ ամենատարբեր ծրագրերի և միջոցառումների միջոցով մեր քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու պատկերասրահի կարևորագույն մշակութային արժեքներին, իսկ կրթական և ժամանցային ծրագրերը կդառնան ինտելեկտուալ և գեղարվեստական ժամանցի հարթակ:  
 
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի նշմամբ՝ խորհրդանշական է, որ Հովհաննես Այվազովսկու սրահների վերաբացումով է սկսվում դասական հայկական գեղանկարչության սրահների վերաբացումը:
 
- Այս պահին կանգնած ենք հայ հին  և միջնադարյան արվեստի սրահներում. սա առաջին մտական ցուցադրությունն էր, որը երկարատև դադարից հետո վերաբացվեց: Բաց է նաև Հակոբ Գյուրջյանի քանդակների մշտական ցուցադրությունը, իսկ այսօր բացվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիկ մի դարաշրջանում, երբ առանցքային նշանակություն ունեին հույսը, լույսը և փարոսը: Եվ հատկանշական է, որ Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ են,- ասել է պատկերասրահի տնօրենը:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է վերանորոգված և արդիականացված սրահներում, որտեղ ներկայացված են Հովհաննես Այվազովսկու շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր: Սրահներում ցուցադրված են հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:
 
Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու (1817–1900թթ.) ստեղծագործությունների այս ցուցադրությունը ներկայացնում է մեծ ծովանկարչի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող գեղանկարչական և գրաֆիկական երկերի հավաքածուն, որը ձևավորվել է 1924–1985 թթ. ընթացքում և ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում խոշորագույններից է:
 
Առաջին աշխատանքները փոխանցվել են Մոսկվայի Հայաստանի մշակույթի տնից (նախկին Լազարյան ճեմարան), որոնք ժամանակին նկարիչն անձամբ նվիրել էր Լազարյաններին: Հավաքածուն շարունակաբար համալրվել է տարբեր ձեռքբերումների և նվիրատուների շնորհիվ՝ Աբրահամ Ջինջյան, Հակոբ Էքիզլեր, Վարվառե Քանանյան, Վահան Խորասանջյան, Մարտիկ Գազազյան, Վարդան Բարաքյան, Անդրանիկ Շահինյան և այլք: Ներկայացված ստեղծագործություններն ուրվագծում են վարպետի անցած արարման բազմաբեղուն ուղին։