Մայր գրադարանի օրը՝ Ազգայինում

Հայաստանի ազգային գրադարանում նշվեց Մայր գրադարանի օրը։ 104 տարի առաջ՝ 1919թ. հուլիսի 4-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքը։ 
 
ՀԱԳ-ում տոնական միջոցառումները սկսվեցին Անձեռնմխելի բաժնի՝ «Որոգայթ Փառաց» գրքի հրատարակման 250-ամյակին և Շահամիրյաններին նվիրված ցուցահանդեսի բացմամբ։
 
Ցուցադրությունը խորհրդանշական էր նաև ՀՀ Սահմանադրության օրվա համատեքստում։ «Որոգայթ Փառաց»-ը («Գիրք անուանեալ Որոգայթ փառաց») ոչ միայն հայ իրականության մեջ, այլև աշխարհում սահմանադրության առաջին տպագիր նախագիծն է։  Գիրքը տպագրվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ Հակոբ Շահամիրյանի տպարանում, 1773 թվականին: Հեղինակը  ազգային-ազատագրական շարժման գործիչ Շահամիր Շահամիրյանն է, որի 300-ամյակն է լրանում այս տարի: 
 
250 տարվա պատմություն ունեցող «Որոգայթ Փառաց»-ը պահվում է գիրքը Հայաստանի ազգային գրադարանում, ցուցադրված է ՀԱԳ-ի Գրատպության թանգարանում:
 
Տոնական միջոցառմանը «Սնխչյան» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը ներկայացրեց գրադարանի բակի վերակազմավորման նախագիծը։ 
 
Միջոցառման ընթացքում հայտարարավեցին նաև այն հրատարակչությունների անունները, որոնց գրքերն ամենաշատն են շրջանառվել 2022-ի հուլիսի 1-ից մինչև 2023-ի հուլիսի մեկը։ 
 
Տարվա ամենապահանջված գրքերի հրատարակիչը՝ «Տացքի չեմպիոն»-ը «Զանգակ»-ն էր։ «Անտարես» հրատարակչության Ֆրիդրիխ Նիցշեի երկերի վեցհատորյակն ամենաշատն էր ընթերցվել նշված ժամանակահանտվածում։ Ընթերցողներին ու գրադարանի աշխատակիցներին իր սրտի խոսքն ասաց նաև  Նիցշեի վեցհատորյակի թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը:
 
Մրցանակներ տրվեցին ՀԱԳ-ի տարվա ընթերցողին և  «Ես սիրում եմ Ազգայինը, որովհետև...» առցանց մրցույթի հաղթողներին։ 
Ավանդույթի համաձայն պատվոգրեր տրվեցին գրադարանի վաստակաշատ աշխատակիցներին։