Զերծ՝ անիմաստ բառախաղերից, խելք խաղալու՝ այժմ ընդունված նորաձևությունից

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԴԵՊԻ ԿՅԱՆՔ» ՆՈՐ ԳԻՐՔԸ

Նախ՝ միանգամից արձանագրենք այն, ինչ կարևորվել է գրքի փոքրիկ նախաբանում. գրքում հեղինակը փորձում է տալ իր ապրած ժամանակի անկեղծ, չխաղարկված, չմիջնորդավորված, գրականորեն անճանաչելի չդարձրած համապատկերը:
 
Գիրքը նրա, բոլորիս ապրած ժամանակի, այդ ժամանակի տարբեր գալարների մեջ տեղավորված մարդկանց, նրանց ճակատագրերի մասին է: Այդ ժամանակը նախ անցած դարի վերջին տասնհինգ-քսան տարին է՝ դժվար, հակասական, նաև երկրին անկախության բերած մի ժամանակ, որն իր մեջ ուներ դարափոխի ջղակծկումների ողջ կծիկը՝ անհատների ճակատագրեր էին հաճախ անդարձ փոխակերպումների ենթարկվում, հանրային միջավայր էր փոխվում, արժեքներ ձեւախեղվում: «Դեպի կյանք» վիպակը հենց դարի ավարտի և նոր դարասկզբի հակասական ժամանակն է ներկայացնում, ղարաբաղյան շարժման հետ գիրկընդխառն ապրող ու նաեւ դժվարությունների միջով անցնող անհատների ներաշխարհը՝ երկրի կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների վավերականության հիմքով:
 
 
Իսկ պատմվածքներն ու մանր պատումներն ավելի շատ մեր ներկայի մասին են՝ կարծես վիպակի իրականությունը ներկա իրականության հետ հակադրել-համադրելու հնարավորությունը տալով ընթերցողին: Նոր դարում էլ կարծես չեն փոխվել առաջնահերթությունները՝ հերոսներին էլի երկրի ճակատագիրն է անհանգստացնում, բայց նաև այլ մտայնություն ու սերունդ է եկել, և դա գրքի պատմվածքների ու վիպակի զուգահեռման մեջ հստակ երևում է: Պատմվածքներում և՛ վերջին ղարաբաղյան պատերազմի դրվագ կա՝ հախուռն սիրով միախառնված («Դժբախոտություն և սեր»), և՛ պատերազմ անցած մարդկանց ու նրանց մտերիմների՝ կյանքի և սիրո ընկալման փոփոխություն («Հարազատներ»), և՛ կյանքի իմաստի վերագնահատում («Հատուցումներից ամենաանհավանականը»), և՛ բարքերի ախտորոշում («Գրողը և գրողը»):
 
Մանր պատումներում միջին երևանցու կենցաղի, բարքերի մտահայեցողական արձագանքներ են, իրական և կեղծ արժեքների ակամա բաղդատումներ, ուղղակի ժամանակակիցների փոքրիկ կերպարապատումներ:
 
 
Արժե նկատել, որ բոլոր գործերի տողամեջերից սպրդում են մայրաքաղաքի կյանքի պատառիկներ, նրա արվաձանների բնակիչների կյանքին բնորոշ և հատկանշական դրվագներ հատկապես, այսինքն՝ այն, ինչ կատարվում է գրքում, դրա միջավայրը, գործողությունների վայրը Երևանն է, ու սա էլ կարեւոր է տվյալ ժամանակի մեր մայրաքաղաքի կյանքը ներկայացնելու առումով:
 
Հեղինակի ոճը հանգիստ է, նա հանդարտորեն, առանց ողբերգական շեշտադրումների կարող է նկարագրել մարդու խորը թախիծը, այնպես, կարծես մի սովորական պատմություն է պատմում, բայց մեկ էլ հանկարծ մի անսպասելի տողով կամ ավարտով դուրս է ցայտում պատմության իրական ենթատեքստը և ամեն բան միանգամից դնում իր տեղը:
 
Պատմվածքների մեծ մասը հենց նովելային ավարտ էլ ունեն, երբեմն թվում է՝ դրանք կինոնովելներ են, այնքան որ պատկերավոր է նկարագրությունը, երևում է ՝ հեղինակի մեջ խորը հետք է թողել հեռուստալրագրային կարճառոտ ոճը, հեռուստալրագրությամբ նա զբաղվել է տասնամյակից ավելի:
 
Հեղինակի արձակը ընթերցողի մասին մտահոգվող արձակ է՝ զերծ անիմաստ բառախաղերից, խելք խաղալու՝ այժմ ընդունված նորաձևությունից: Հեղինակի զուսպ լեզուն ավելորդ բառեր, նկարագրություններ չունի, հակիրճ է և սակավ բառերով խիտ բովանդակություն փոխանցող: Թվում է՝ հեշտ ընթերցվող արձակ է, բայց պատմվածքն ավարտելիս ուզում ես վերադառնալ սկիզբ, որ տեսնես՝ ճի՞շտ ես արդյոք հասկացել հեղինակի ներքին միտքը, տողատակը:
 
Պատումների ոճը թեթև է, երբեմն խորանալով ենթատեքստերում, երբեմն կրկին մակերես դուրս գալով, ընթերցողի համար կարծես մի պահ ստեղծելով բովանդակության հետևից հեշտ գնալու պատրանքը՝ մինչև մի նոր թանձրացում:
 
Մարիետա Խաչատրյանի «Դեպի կյանք» նոր գիրքը, նախորդ «Արտաժամանակ» գրքի հետ միասին, ներկա գրական բազմազանության մեջ առաջարկում է հեղինակի տարբերվող և առանձնահատուկ աշխարհը: Ի դեպ՝ այդ աշխարհն ավելի ընդգծում է հեղինակի գեղանկարչական աշխատանքներից մի քանիսով գրքի ձևավորումը, որն ավելի գունեղ է դարձնում գիրքն ընթերցողի համար:
 
Գիրքը կազմել և ձևավորել է Կարինե Արզումանյանը, տպագրել է «Վան Արյան» հրատարակչությունը:
 
Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լոս Անջելես