Հայ կերպարվեստը մանուկների և պատանիների աչքերով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում անցկացվել է «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով»  կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացրել է «Մունետիկ» ՀԿ-ն՝ Իջևանի քաղաքապետարանի համագործակցությամբ:
 
Ծրագրի նպատակն էր երեխաներին ծանոթացնել կերպարվեստի երկու ուղղություններին՝ բատիկային և ապակենկարչությանը, սովորեցնել դրանց ստեղծման նորարարական տեխնիկաներն ու առանձնահատկությունները։
 
Բատիկայի և ապակենկարչության  վարպետաց դաս-հանդիպում են անցկացրել արվեստագետներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները: Քույր արվեստագետները ծրագրի մասնակիցներին են փոխանցել բատիկայի և ապակենկարչության գաղտնիքներն ու հմտությունները: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են ապակենկարչության և բատիկայի հրաշալի աշխատանքներ: Հաջորդիվ՝ բոլոր աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում: 
 
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր մարզերի 18 շնորհալի երեխա՝ երկու հերթափոխով: Ամեն հերթափոխը տևել է 10 օր, յուրաքանչյուր հերթափոխում ընդգրկված է եղել 9 մասնակից: Ծրագրի ողջ ընթացքում իրենց գործուն մասնակցությունն են ունեցել նաև տեղացի և մյուս մարզերի կամավորները:
 
Ծրագրի ընթացքում իրականացվել են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, բաց դասեր՝ հրավիրված մասնագետների մասնակցությամբ: Իրականացված տարբեր միջոցառումներին մասնակցել է նաև Իջևան քաղաքի շուրջ 70 շնորհալի երեխա:
 
Տեղեկացնենք, որ 2023 թ. հոկտեմբերին «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը կկայանա նաև Երևանում՝ Նարեկացի արվեստի միության ցուցասրահում: