․․․ Ու մի օր բարեկամներին փոխարինում են ջերմ հուշերը

ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

Առհասարակ ես ինձ բախտավոր եմ համարում, քանի որ առիթ եմ ունեցել լինել իմ ժամանակի մշակույթի ավագագույն սերնդի գործիչների կրտսեր ընկերն ու բարեկամը։ Կրտսեր ընկեր լինելն էլ, սակայն, ունի իր բացասական կողմը։ Երբ կյանքից հեռացավ Վլադիմիր Աբաջյանը, իմ ավագ ընկեր, ՍՍՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանն ասաց ինձ․
 
- Դժվար է, երբ դուրս ես գալիս փողոց ու շուրջդ նայելով գիտակցում ես, որ էլ ծանոթ-բարեկամ չկա, բոլորը մահացել են։ 
 
Ահա սա է նաև մեծերի կրտսեր ընկերը լինելու բացասական կողմը, որը ցավոտ է նաև․ օր-օրի հասկանում ես, որ գնալով ավելի քիչ բարեկամ ունես․․․ բարեկամներին փոխարինում են ջերմ հուշերն ու տպավորությունները, որոնք, անպայմանորեն ցանկանում ես փոխանցել նաև ուրիշներին․․․ ու ոչինչ, որ դրանից հետո «կաղքատանաս», որովհետև տվեցիր ուրիշին այն, ինչը միայն քոնն էր․․․ Ոչինչ, իհարկե ոչինչ, որովհետև մի հոգու «աղքատանալը» կարող է հարստացնել հազարների․․․
 
Կյանքի 90-րդ տարում մահացավ դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը։ Թվում է, թե պետք է մտածենք՝ քանի՜-քանի երիտասարդ է մահանում ամեն օր, մխիթարվենք, որ նա ապրեց երկար ու բովանդակալի կյանք։ Բայց՝ ոչ։ Կան մարդիկ, որոնք հավերժ են թվում և, երբ նրանք գնում են, դու էլ կորցնում ես կյանքի հավերժականության այն պատրանքը, որը կյանքդ դարձնում էր առավել իմաստալից։ Քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ չհասցրեցիր ասել այս կամ այն բանը, որ դեռ երեկ դու կարող էիր զանգահարել, զրուցել ու վայելել նրա երանելի մակարդակը, սակայն, այդ այլևս անհնար է ու անհնար էլ պիտի մնա։
 
- Ախպերս, -դիմում էր իր 9 տասնամյակների բարձրունքից, ու մի գովեստի խոսք էր շռայլում․․․ գոտեպնդող, թևեր տվող խոսք։
 
2021 թվականին Ռուբեն Մարուխյանը դարձավ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ․ կառույց, որին անդամակցում եմ և ես։ Մի զրույցի ժամանակ ասաց, որ ցանկանում է տպագրել թատերգությունների «ամփոփիչ» ժողովածու՝ նկարազարդ մի գիրք՝ զարդարված պատմական ակնարկներով, հին ու նոր ազդագրերով․․․ արտիստների լուսանկարներով։ Այնպես ստացվեց, որ Միության հայկական բաժանմունքը հանձն առավ գրքի հրատարակությունը և Ռուբեն Մարուխյանի պնդմամբ ես դարձա «Պիեսներ» հաստափոր գրքի խմբագիրը։ 
 
Գրքի շապիկի ձևավորումը ևս վստահվեց իմ ճաշակին։ Դիմեցի ընկերոջս՝ տաղանդաշատ նկարիչ Դավիթ Խաչատրյանին, ով պատվով կատարեց նկարիչ-ձևավորողի իր առաքելությունը։ Օգտվելով պիեսներից մեկի պատկերներից, նկարիչը պատկերեց ո՛չ միայն տեսարանը, այլև արտացոլեց ողջ գեղարվեստական ընկալումը, որը փոխանցել էր անվանի գրողը։ Պիեսում, ըստ հեղինակի պետք է հնչեր Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», և նկարիչը գտավ նաև խաչատրյանական անմահ երաժշտության շունչն արտացոլելու գեղագիտական միջոց, որն արժանացավ Ռուբեն Մարուխյանի հավանությանն ու գովասանքի խոսքերին․․․ 
 
Հատկապես շեշտեցի այս հանգամանքը միայն նրա համար, որ ասեմ՝ իհարկե՝ նկարն իմ ճաշակով էր, բայց դրա մտահղացումն ամբողջապես Դավիթ Խաչատրյանինն էր․․․։
Գրքի լույսընծայումից հետո, ես էլ՝ ի թիվս այլոց, արժանացա իմ օրինակին՝ հեղինակի այն մակագրությամբ, որը դարձրեց իրեն «միշտ իմ Ռուբեն Մարուխյանը»։
 
Առհասարակ սովորություն ունեմ ըստ հնարավորության և ազատ ժամանակի զանգահարելու ավագ ընկերներիս, իմանալու նրանց որպիսությունը․․․ վերջապես, այս զրույցները մշտապես համարել եմ ինքնազարգացման ամենալավ միջոցը։ Ահա մի հերթական զրույցի ժամանակ Ռուբեն Արամիչն ասաց, որ մենագրություն ունի թատրոնի վերաբերյալ, որը կոչվում է «Զրույցներ թատրոնի մասին»։ Որոշեցի կարդալ։ Ասաց, որ գիրքը տպագրելու ցանկություն ունի և, եթե տպագրվի, կուզի, որ կրկին իմ խմբագրությամբ լույս տեսնի։ Կարդալուց անմիջապես հետո «գրական կարծիք» գրեցի, որպեսզի այդ թարմ տպավորությունները հավերժացնեմ։ Հաջորդ զրույցին կարդացի ու նա լսեց։ Զգացված էր բարեկամս, թեև գրել էի իմ համեստ կարծիիքը։ Սկսեցի խմբագրել, սակայն եկավ մի ժամանակ, երբ այլ գործերով ընկա ու այս գիրքը մնաց․․․․։ Ամիսներ առաջ հիշեցի, որ այս տարին՝ 2024 թվականը, հոբելյանական է իմ երկու բարեկամների՝ դրամատուրգներ Ռուբեն Մարուխյանի և Գևորգ Սարգսյանի համար։ Որոշեցի անպայման հասցնել ու տվեցի սրբագրման, սրբագրումից հետո սկսեցի աշխատել, սակայն․․․ չհասցրի։ 
 
Անշուշտ, մոտ ապագայում, արդեն Հայաստանի մշակույթի գործիչների միության հոգատար ջանքերով, որի պատվավոր անդամ էր Ռուբեն Մարուխյանը, գիրքը կտպագրվի, ինչպես հեղինակն էր կամենում՝ նոր՝ «Թատրոնի շքամուտքի առաջ»  վերնագրով։ 
 
Ռուբեն Մարուխյանը հայտնի է որպես դրամատուրգ, հայտնի է որպես մանկագիր, սակայն իմ խորին համոզմամբ՝ Մարուխյանը նաև հրաշալի բանաստեղծ էր։ 2021 թվականին, երբ իմ խմբագրությամբ պետք է լույս տեսներ Կալիֆորնիայի հայ գրողների միության  «Հասկեր» ժամանակակից գրականության մատենաշարի երկրորդ հատորյակը, Ռուբեն Մարուխյանին առաջարկեցի մի քանի բանաստեղծություն ներկայացնել․․․։ Ներկայացրեց երեք բանաստեղծություն, որոնցից մեկը նվիրված էր կնոջը․
 
ՄԱՐԻԵՏԱՅԻՆ
Կգամ, անպայման կգամ,
Քո ծննդյան օրը
Արևից շուտ կարթնանամ,
Կգամ,
Սիրտս, որի մեջ միայն դու ես ապրում,
Կնվիրեմ քեզ,
Իմ բարի, իմ լուսաշող։
Քո ծննդյան օրը,
Մեր զավակների ու թոռների
Ծիծաղով ցողված
Ծաղիկներ կփռեմ ոտքերիդ առաջ․․․
Քո ծննդյան օրը,
Երկինքը կհենվի
Մեր օջախից ելնող ծխի սյանը, 
Որ փուլ չգա հանկարծ․․․
Երկիրը բարությամբ
Ու նոր թխած լավաշի բույրով կլցվի․․․
Յոթ սարից, յոթ ծովից
Անդին էլ լինեմ,
                                                 Կգամ։
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈւՇԵՂՅԱՆ
Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ,
Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ,
Ռուսաստանի գրողների միության անդամ