2023-ը՝ աննախադեպ համաշխարհային շրջագայություններով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՄԵԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից: Նվագախումբը 9 համերգներով, հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգների տոմսերն ամբողջովին սպառված էին:
 
Շրջագայությունը կայացել է Armstrong Poly երաժշտական գործակալության հրավերով՝ որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենամանշանակալի համերգների կազմակերպիչը: 
 
Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի ստեղծագործությունները: Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել իռլանդացի անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը, չինացի ջութակահար Ռեյ Չժանը, չինացի սոպրանո Կոնստանս Սյուեն և Չուհայ քաղաքի Մանկական դասական երգչախումբը (Zhuhai Classical Children's Choir): Բոլոր համերգներն անցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
 
Համերգները մեծ ոգևորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից և զգալի հանրային արձագանք են ստացել: Համերգներին նախորդել են նշանակալի գովազդային արշավներ, բոլոր քաղաքներում ամենուր կարելի էր հանդիպել Հայսատանի ազգային ֆիլհարմոնիկի պաստառները: Այս շրջագայությունը մեծ իրադարձություն էր, որը Չինաստանում զգալի կերպով բարձրացրեց Հայաստանի ճանաչելիությունը և ամրացրեց հայ-չինական մշակութային կապերը:
 
2023թ-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եզրափակեց աննախադեպ համաշխարհային շրջագայություններով, նոյեմբեր ամսից 17 համերգներով հանդես գալով Աթենքի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բոստոնի, Մոնրեալի, Տորոնտոյի և Պորդենոնեի հեղինակավոր համերգասրահներում: Սա մեծ և ծանր երաժշտական մարաթոն էր, որը նվագախումբը հաջողությամբ հաղթահարեց՝ Հայաստանը պատվով ներկայացնելով աշխարհին:
 
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ մասշտաբային շրջագայությունը կայացել է 2019թ-ի դեկտեմբեր և 2020թ.-ի հունվար ամիսներին, նվագախումբը 10 համերգով հանդես է եկել Չինաստանի կարևոր քաղաքներում: Շրջագայությունը կազմակերպել էր նույն՝ Armstrong Poly երաժշտական գործակալությունը: