Վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Մեր ժամանակների լավագույն ակորդեոնահարներից Ռիշար Գալիանոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մարտի 8-ին, իսկ մարտի 9-ին կլինի ջազային երեկո: Համերգները կկայանան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 
Մարտի 8-ի ծրագրում կհնչեն Պիացոլլայի և Գալիանոյի ստեղծագործությունները` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մարտի 9-ին ձեզ սպասվում է ջազային երաժշտության երեկո՝ Գալիանոյի, Սամվել Գասպարյանի (դաշնամուր), Դանիել Մելքոնյանի (շեփորահար), Նիկողայոս Վարդանյանի (կոնտրաբաս) և Արման Մնացականյանի (հարվածային գործիքներ) մասնակցությամբ: 
 
Գալիանոն վիրտուոզ ակորդեոնահար, բանդոնեոնահար և կոմպոզիտոր է, նա հանդես է գալիս երաժշտական բոլոր ժանրերում՝ դասականից մինչև ջազ: Մեր օրերի միակ ակորդեոնահարն է, ում ձայնագրել է հեղինակավոր Deutsche Grammophon ընկերությունը: Գալիանոն ձայնագրել է 70 ալբոմ՝ համագործակցելով լավագույն արտիստների ու երաժշտախմբերի հետ:
 
Նրա մասին ասում են. «Գալիանոն փոխեց ակորդեոնի պատմության ընթացքը», ակորդեոնի կատարողական պատմության մասին կարելի է ասել՝ «Գալիանոյից առաջ և հետո»:
 
Իսկ Գալիանոն իր մասին ասում է. «Ես ցանկացել եմ ակորդեոնը, որին անարդարացիորեն անվանում են «աղքատների դաշնամուր», ըստ արաժանավույն ներկայացնել աշխարհին, չնայած, ես միշտ նվագել եմ Steinway-ի վրա»: 
 
Նա իր փոքրիկ գյուղից դուրս եկավ ու այդ նպատակով մեկնեց Փարիզ: Գալիանոյին հավատացին ու իր հետ համագործակցեցին մեր ժամանակների լավագույն երաժիշտները: Աստոր Պիացոլլայի հետ նա սկսեց սերտորեն աշխատել 80-ականների սկզբին, նրանց համագործակցությունը վերածվեց մտերիմ ընկերության: 2010-2016թթ.-ին հեղինակավոր Deutsche Grammophon ձայնագրման ընկերության կողմից հրատարակվեցին Գալիանոյի «Բախ», «Վիվալդի», «Նինո Ռոտա» և «Մոցարտ» ալբոմները:
 
Անհավանական է տեսնել, թե որքան երկրներում է ակորդեոնը համարվում ազգային գործիք, այն առկա է Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բալկանների ժողովրդական երաժշտության մեջ:
 
«Համերգները, որոնք ես տալիս եմ 50 տարի շարունակ, աշխարհի հինգ մայրցամաքներում, պատմում են արտիստի կյանքի մասին, այն տղայի անցած ճանապարհի, որը ոգեշնչված է երաժշտության հանդեպ մեծ կիրքով, և ես հրավիրում եմ ձեզ կիսել այդ «կիրքն» ինձ հետ համերգի ժամանակ»,-Ռիշար Գալիանո: