Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ հուշագիր։
 
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը:
 
Հուշագրի նպատակը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարի կազմակերպումն ու ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համագործակցության շրջանակի ընդլայնումն է՝ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը՝ որպես պետական քաղաքականության առանցքային մաս.
 
- Մասնավորի հետ համագործակցությունն ապահովում է գործընթացի ճկունություն և բարձր պրոֆեսիոնալիզմ: Ուրախ ենք, որ այնպիսի կարևորագույն միջոցառմանը, ինչպիսին Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեն է, Հայաստանը ներկայանալու է ոլորտում լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի նախագծով: Մեր նպատակն է քայլել աշխարհին համահունչ, արդիական մոտեցումներով ու լինել նորարար, ինչն էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այցեքարտերից է:
 
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում.
 
- «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, որը բացի նախագիծն իրականացնողից՝ նաև գլխավոր հովանավորն է, ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներկայանա միջազգային հանրությանը: Նախագծով ցանկանում ենք աշխարհին փոխանցել մեր օրերում այնքան պակասող հոգևոր արժեքների գաղափարը. հիմնական ուղերձն է դադար առնել և նայել մեր հոգու խորքը, վերարժևորել ունեցածն ու այն տեսանելի դարձնել:
 
Նշենք, որ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ազգային տաղավարը  ներկայանալու է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով, որի համադրողն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, իսկ կոմիսարը՝ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ 
 
Համաձայն հուշագրի՝ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ողջ ժամանակահատվածում «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հանդիսանալու է գլխավոր հովանավորը և աջակցելու է ազգային տաղավարի կազմակերպմանը և ֆինանսավորմանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ պարտավորվում է կազմակերպական, տեղեկատվական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային տաղավարի կազմակերպմանը։