Նախանշաննե՞ր, թե՞ նախապաշարում
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ
Թե ո՞ր ժամանակներում են մարդիկ սկսել ուշադրություն դարձնել նախանշաններին և զգուշանալ կամ ուրախանալ դրանցից՝ հիմա ասել դժվար է: Սակայն դրանք տարածվել ու նախապաշարումներ են դարձել՝ կենսունակ լինելով նաև մեր ժամանակներում: Իսկ նախապաշարումն ինչ-որ իմաստով ինքնապահովագրմա բնազդ է՝ զգուշավորություն պահպանել կամ հաջողություն ապահովել: Ասել է թե՝ մարդ արարածն այսօր էլ այնքան ինքնավստահ չէ, որ կարող է ինքնուրույն ապահովագրվել չարիքներից ու ընդառաջ գնալ հաջողությանը: Խոստովանենք, սակայն, որ այդ նախանշաներից որոշները նաև ուսուցանող են:
Նախապաշարվածությունը թուլություն համարելով և չարդարացնելով ու չդատապարտելով նախանշաններով առաջնորդվողներին, որպես ժամանց՝ ներկայացնենք դրանցից մի քանիսըՙ որոն տարածված են տարբեր ժողովուրդների շրջանում:
Ճաքած կամ վնասված ամանեղենից (բաժակ, ափսե) ուտելն ու խմելը դժբախտություն կբերի. դրանցից օգտվողի կյանքում նույնպես ճաքեր կառաջանան:
Դրամապանակ նվիրելիս՝ դրա մեջ գումար դրեք, որպեսզի այն երբեք դատարկ չմնա:
Միաժամանակ երկուսով հայելուն նայելը վտանգավոր է. երկուսից մեկին տառապանքներ են սպասվում:
Արևամուտից հետո փող կամ ցանկացած իր պարտքով մի տվեք. այդ պարտքն այլևս չի վերադարձվի:
Դատարկ շիշը սեղանին թողնելիս՝ փող չեք ունենա:
Եթե ուրիշից վերցրած ափսեն, բաժակը, թավան, կաթսան, պայուսակը դատարկ վերադարձնեք՝ ձեր ամանեղենն ու պայուսակը միշտ դատարկ կմնան:
Սեղանին նստելը մահվան վտանգ է:
Մթության մեջ կամ գաղտնի ուտողների երեխաները գող են դառնում:
Հացն աղբը գցելը մեծ մեղք է: Հացի կտորտանքը թռչուններին տալու փոխարեն դեն նետողներն աղքատանում են:
Թղթով սեղան սրբելը վեճի նախանշան է:
Սեղանից ուտելիքի մնացորդները ձեռքի ափով մի մաքրեք, այլապես կարող է՝ նույն ափով ողորմություն խնդրեք:
Ճաշելուց առաջ և հետո մի պատառ աղ ու հաց ուտելը երջանկաբեր է:
Սեղանից խնձորի ընկնելը սիրելիի հետ հանդիպում է խոստանում:
Եթե սեղանի շուրջ խնդրում են աղ փոխանցել՝ անպայման ժպտալով փոխանցեք: Հակառակ դեպքում վեճի մեջ կընկնեք:
Ըմպելիքով լցված ամանը (շիշը, բաժակը) պետք է ծածկած պահել, որ դրա մեջ չար ուժեր չներթափանցեն:
Եթե ուտելու ժամանակ խեղդվում եք, ուրեմն հարազատ մեկը քաղցած է, կամ ինչ-որ մեկը շտապում է հյուր գալ:
Ցանկալի չէ փող նվիրաբերել երկուշաբթի և ուրբաթ օրերին. կորուստ կունենաք: Դրա համար ավելի հարմար օրեր են երեքշաբթին, շաբաթը, կիրակին. այդժամ ավելի կբարվոքվի ձեր նյութականը: Բայց երկուշաբթի և երեքշաբթի օրը պարտքով փող տալու դեպքում ինքներդ կարող եք պարտքի մեջ հայտնվել:
Փողը միշտ վերցրեք ձախ ձեռքով, բայց տվեք աջով:
Սեղանին գլխարկ և բանալի դնելը աղքատություն կբերի: