Սելավից զգուշանալ անօդաչուների օգնությամբ

Հատկապես ձյունառատ ձմեռներից հետո լեռնաշատ Հայաստանի գարունները միշտ էլ հեղեղումների վտանգ են բերում, իսկ հորդառատ անձրևները քշում-տանում են՝ ինչ կարողանում են: Քանի-քանի անգամ են լուրեր տարածվել, թե սելավը անասուն է քշել, մարդու, հատկապես երեխայի մահվան պատճառ դարձել, լցվել բնակարաններն ու տարբեր շինություններ: Ընդ որում անտառազուրկ տարածքներում վտանգն ավելի մեծ է լինում: Եվ ուրեմն սելավի վտանգ պարունակող վայրերի ուսումնասիրությունը միշտ էլ արդիական է լինելու:
 
Բազմաթիվ օրինակներ կան, որոնք փաստում են, որ նախապես ռազմական նպատակներով ստեղծված տեխնիկական միջոցները ծառայում են նաև կենցաղում և կյանքի մյուս խաղաղ բնագավառներում: Ահա և ուշացած գարնան այս օրերին Հայաստանում ծրագրել են այդպիսի տարածքները ուսումնասիրել անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ, նախաձեռնել են Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքների սելավավտանգ տարածքների ուսումնասիրությունը՝ կրառելով անօդաչու թռչող սարքեր (դրոններ):  Նախատեսվում է մոդելավորել սելավավտանգ ամբողջ տարածքը և սելավատարները՝ բացահայտելով տիղմով և աղբով սելավատարների խցանման աստիճանը, դրանով հնարավորություն ստեղծելով ապահովել սելավային հոսքերի բնականոն ընթացքը:  
 
Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում անօդաչու թռչող սարքերի կիրառությունը նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Սարքերի գրանցած տվյալները համենատելով սեյսմիկ ռիսկերի հետ՝ հնարավորություն կընձեռվի մոդելավորել նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշվախության կառավարումը: 
Երևանի հանկարծահաս սելավները դեռևս չեն սկսվել, բայց մեր մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը դժվար թե մտքներից հանած լինեն, թե քանի անգամ են ամենաբանուկ ու բարեկարգ թվացող փողոցներով ստիպված եղել ավտոմեքենաներով լող տալ կամ ոտքով հոսանքը հաղթահարել: Ու դեռ որքա՞ն են ստիպված լինելու: Սա իհարկե՝ առաջին հերթին խոսում է ջրահեռացման համակարգի թերությունների մասին: (Հիմա հարց է ծագում՝ անօդաչու թռչող սարքերը այն պարագայում կարոո՞ղ են օգնել, և ապա՝ հերթը ե՞րբ նման խնդրներ ունեցող մյուս քաղաքներին կհասնի…): 
 
Բոլոր դեպքերում՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար նման սարքերի կիրառությունը, անշուշտ, և՛ ուշագրավ երևույթ է, և՛ շատ օգտկար: Ու դեռ ինչքան «խաղաղ ծրագրեր» կարող են իրագործվել, որպեսզի պատերզմն էլ դրանցով կանխվի: